Փաստաբան Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը:
Նախաքննական մարմնի որոշմամբ նրանք խուլիգանություն հատկանիշներով ներգրավվել են որպես մեղադրյալ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում:
2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:
Նախաքննությունը շարունակվում է:
ՔԿ-ից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Civilnet











