Գլխավոր Լրահոս

Արգիշտի Քյարամյան․ ինչու Փաշինյանը նախընտրեց «դեֆորմացիոն գործընթացը»  

Արգիշտի Քյարամյան․ ինչու Փաշինյանը նախընտրեց «դեֆորմացիոն գործընթացը»  
Մկրտիչ Կարապետյան Նախագահի հրամանագրով մայիսի 5-ին Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Ընդամենը երկու օրում Քյարամյանը նախ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, հետո նշանակվեց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ, այդ ընթացքում հայտարարեց, որ չգիտի, թե ինչ ոլորտներով է զբաղվելու, ապա ժամեր անց ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Քյարամյանի շուրջ տարօրինակ իրադարձությունները նոր չէ, որ սկիզբ են առել։ Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց վերջինիս գույքի, ունեցվածքի հայտարարագիրը: Պարզվեց՝ Քյարամյանը մեծ գումարներ ու անշարժ գույք է հայտարարագրել։ Ի պատասխան հարցադրումների՝ Քյարամյանն ասաց, որ կոռեկտ չի համարում իր ունեցվածքի շուրջ քննարկումներ ունենալ, ապա ասաց, թե նվիրատվություններ են։ Հետագայում լրատվամիջոցները գրեցին, որ Քյարամյանն իր բնակարաններից մեկը չի հայտարարագրել։ Սա հաստատվեց, ու հետո ՊՎԾ պետի պաշտոնակատարը հայտարարագրեց իր «մոռացված» բնակարանը։ Տե՛ս՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարագիրն ամբողջական չէ. թաքցված բնակարանի հետքերով Այն ժամանակ, երբ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվեցին, ի զարմանս շատերի, ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Քյարամյանը՝ չնայած, ըստ օրենսդրության, տեղակալներից տարիքով ավագը պետք է նշանակվեր, և Քյարամյանն այդ պահանջը չէր բավարարում։ Տարբեր պաշտոնների Քյարամյանին նշանակել-ազատելով ԱԱԾ հասցնելու հարցը ևս տարօրինակ է։ Ամիսներ առաջ «Լուսավոր Հայաստանը» օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով ըստ էության առաջարկվում էր ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները դարձնել քաղաքական։ Վերջիններս պետք է համապատասխանեին այն չափորոշիչներին, որոնք առաջադրվում են պատգամավորի թեկնածուներին։ 2019-ի սեպտեմբերին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Կողմ քվեարկեց նաև «Իմ քայլը» խմբակցությունը։ Դեկտեմբերին, սակայն, «Իմ քայլը» մտափոխվեց և հայտնեց, որ դեմ է քվեարկելու։ «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը երկար ելույթով խոսում էր համակարգերի խարխլման, ձևախեղման մասին։ Նույն օրը թեմային անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ասել, որ եթե քաղաքական ճանապարհով ոստիկանապետ կամ տեղակալ, ԱԱԾ պետ կամ տեղակալ նշանակվեն քաղաքացիական անձինք, վերջիններիս պետք է տրվի գնդապետի, իսկ հետո գեներալի կոչում, ինչը «դեֆորմացիոն պրոցես» է։ Այս հայտարարությունից հինգ ամիս անց, սակայն, վարչապետը «դեֆորմացիոն» որակած գործընթացի արդյունքում ԱԱԾ պետի տեղակալ է դարձնում Արգիշտի Քյարամյանին։ Թե ինչու նախկինում օրենսդրական փոփոխությանն իրականում իշխանությունները դեմ հանդես եկան, դեռ չի պարզաբանվել։ Փոխարենը նախընտրել են գնալ օրենսդրական բացերից օգտվելու ճանապարհով ու երկու օրում նույն անձին մի քանի դիրքում փորձարկելով հասցրել են ԱԱԾ։ Վարչապետի մամուլի խոսնակն այսօր հայտարարել է, որ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելու որոշումը քաղաքական է։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում