Դեբեդավան գյուղը գտնվում է Հայաստանի ծայր հյուսիս-արևելքում՝ Դեբեդի ստորին աջ ափին, այնտեղ, որտեղից գետը անցնում է Վրաստան, ապա՝ թեքվում դեպի Ադրբեջան և միանում Քռին:
Սա Հայաստանի Հանրապետության՝ ծովի մակերևույթից ամենացածր հատվածն է՝ 370 մետր: Դեբեդավանը սահմանակից է Վրաստանի Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ գյուղերին: Բնակչության թիվը 700-ի սահմաններում է:
Մինչև 1988 թվականի դեկտեմբեր գյուղում բնակվում էին ադրբեջանցիներ՝ բացի մի քանի ընտանիքներից: Ազգամիջյան դեպքերի պատճառով ադրբեջանցիները հեռացան, նրանց փոխարեն գյուղում հաստատվեցին Ադրբեջանից գաղթած հայեր, ինչպես նաև 11 ուդիներ:
Այսօր Դեբեդավանի բնակչության հիմնական մասը Վարդաշենի (այսօր՝ Օղուզ) շրջանի Ճալեթ հայկական գյուղի նախկին բնակիչներն են:
Ուդիները կովկասյան ժողովուրդ են, երկար դարեր հայերի կողքին ապրելով՝ դարձել են առաքելադավան և սովորել հայերեն:
Դեբեդավանը խորհրդային տարիներին կառուցված գյուղերից է: Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում այսպիսի 4 բնակավայր կա՝ քաղաք Այրում, ինչպես նաև Դեղձավան, Պտղավան և Դեբեդավան գյուղեր:
Նախկինում Դեբեդավանը կազմում էր Լալվար սովխոզի գործարանի մի մասը և մտնում էր Բագրատաշեն գյուղի վարչական ենթակայության տակ: Դեբեդավան է վերանվանվել 1978-ին։
Դեբեդավանում ձմռան միջին ջերմաստիճանը 0 է, ձյուն հազվադեպ է տեղում: Այստեղ աճում է ձիթապտուղ, նուշ, նուռ, դեղձ, խաղող, արքայանարինջ, արևադարձային մշակաբույսեր:
Դեբեդավանի գինու գործարանը հումք է ընդունում Երևանի շամպայն գինիների գործարանի համար, այդ պատճառով այստեղ խաղողի մթերման դժվարություն չի լինում:
Վերջերս գյուղում «Իմ քայլը» հիմնադրամի հովանավորությամբ և համայնքի մասնակցությամբ կառուցվել է ժամանակակից մանկապարտեզ:
Գյուղի դպրոցում սովորում է ավելի քան 100 աշակերտ:
Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի
Թաթուլ Հակոբյան











