Գլխավոր Լրահոս

Ռուսական S-400-ները Թուրքիայում․ Անկարայի բարդ երկընտրանքը Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև

Ռուսական S-400-ները Թուրքիայում․ Անկարայի բարդ երկընտրանքը Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև

Ռուսական S-400-ները Թուրքիայում։ Քաղաքական թրիլեր` անորոշ ավարտով։

ԱՄՆ ­‑ Ռուսաստան բավականաչափ սրված հարաբերությունների պայմանններում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերման մտադրությունը վերլուծաբանների և փորձագետների մոտ մեծ զարմանք առաջացրեց։ Շատերը համոզված էին, որ Թուրքիայի կողմից այս գործընթացի մեկնարկն ունի բացառապես ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու և, ըստ այդմ, երկկողմ հարաբերություններում, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում, զիջումներ կորզելու նպատակ։

Սակայն, չնայած ամերիկյան կողմի բազմաթիվ զգուշացումներին, Թուրքիան շարունակեց հաստատուն քայլեր ձեռնարկել գործարքի իրականացման ուղղությամբ։ 2019 թ. հուլիսին Ռուսաստանը Թուրքիա ուղարկեց համակարգի առաջին բաղադրիչները, իսկ թուրքական մասնագետները մեկնեցին Ռուսաստան՝ համապատասխան հմտություններ ձեռք բերելու նպատակով։ 2019 թ. նոյեմբերին Թուրքիան իրականացրեց համակարգի ռադարի փորձարկում F-16 և F-4 ինքնաթիռների մասնակցությամբ, իսկ 2020 թ. հունվարին Թուրքիա առաքվեցին համակարգի վերջին բաղադրիչները։ Թվում է՝ ամեն ինչ պատրաստ էր նախատեսված ժամկետներում՝  2020 թ. ապրիլին, S-400 համակարգի գործարկման համար։ Սակայն շաբաթներ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց կորոնավիրուսային համավարակի պատճառով գործարկման մեկնարկի հետաձգման մասին։

Ամենայն հավանականությամբ, համավարակը միայն առիթ էր նման որոշում ընդունելու համար։ Ի պատասխան ռուսական համակարգեր ձեռք բերելու խնդրում թուրքական կողմի հաստատակամության՝ ԱՄՆ-ը որոշում ընդունեց Թուրքիային հեռացնել հինգերորդ սերնդի F-35 մարտական ինքնաթիռի ստեղծման ծրագրից և կասեցնել Թուրքիայի կողմից արդեն ձեռք բերված մի քանի ինքնաթիռների մատակարարումը։ Սակայն Թուրքիայի համար շատ ավելի ծանր հետևանքներ կարող է ունենալ 2017 թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրրած «Պայքար Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների միջոցով» օրինագիծը։ Ի թիվս այլ դրույթների՝ այն նախատեսում է ֆինանսական տուգանքներ կիրառել պետական ու մասնավոր այն ընկերությունների ու անհատ անձանց նկատմամբ, որոնք էական գործարքներ են կատարում ռուսական կառավարության պաշտպանական կամ հետախուզական ոլորտների ներկայացուցիչների հետ։ Չնայած «էական» բառը կարող է որոշ տարընթերցումների տեղիք տալ, սակայն հարկ է նշել, որ այս օրինագծով արդեն պատժամիջոցներ են կիրառվել Չինաստանի այն կազմակերպությունների և անձանց նկատմամբ, որոնք 2018 թ. ներգրավված էին Ռուսաստանից S-400 համակարգերի ձեռքբերման գործընթացում։ Հետևաբար, ակնհայտ է, որ տվյալ համակարգերը միանշանակ ենթադրում են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանում։

Մինչ այժմ Թուրքիային հաջողվել է խուսափել այս օրինագծով նախատեսված պատժամիջոցներից համակարգի գործարկում չիրականացնելու շնորհիվ, չնայած ԱՄՆ-ը Չինաստանի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել համակարգերի ձեռք բերումից անմիջապես հետո՝ 2018 թ. սեպտեմբերին, դեռ մինչև նրանց գործարկումը 2018 թ. նոյեմբերին։

Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի համար «պատժամիջոցներ միայն գործարկման, այլ ոչ թե համակարգերի ձեռքբերման դեպքում» բանաձևը մշակվել է երկկողմ բանակցությունների ընթացքում, և հնարավորություն է տվել կողմերին որոշակի ժամանակով հետաձգել հարաբերությունների վատթարացմանը հանգեցնող որոշումների ընդունումը։ Ըստ երևույթին, ԱՄՆ-ը հակված չէ է՛լ ավելի խաթարել հարաբերությունները Թուրքիայի հետ և վերջինիս ևս մեկ հնարավորություն է տվել այս հարցում քաղաքականությունը վերանայելու համար։ ԱՄՆ-ը ակնարկում է, որ եթե համակարգերը չգործարկվեն, ապա Վաշինգտոնը պատրաստ է հրաժարվել պատժամիջոցների կիրառումից։ Իհարկե, հասկանալի է, որ մոտ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ համակարգեր ձեռք բերելն ու դրանց գործարկումից հրաժարվելը Թուրքիայի համար բավականաչափ բարդ որոշում է լինելու։

Ակնհայտ է, որ S-400 համակարգերի գործարկման հետաձգման որոշումը պայմանավորված չէ միայն համավարակի առողջապահական նկատառումներով։ Թուրքիայի տնտեսությունը բավականաչափ բարդ վիճակում էր դեռ մինչև համավարակի բռնկումը, և կորոնավիրուսը է՛լ ավելի է ծանրացնելու իրավիճակը։ Այս պայմաններում ամերիկյան հավելյալ պատժամիջոցները կարող են էական խնդիրներ ստեղծել Էրդողանի համար, որը 2019 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած մի շարք էական պարտություններից հետո ներքաղաքական լուրջ բարդությունների առջև է կանգնած։ Միևնույն ժամանակ 2019 թ. վերջին և 2020 թ. սկզբին Սիրիայի Իդլիբ նահանգում Ռուսաստանի կողմից հակաթուրքական քայլերի իրականացումը որոշակի լարվածություն է առաջ բերել կողմերի հարաբերություններում, որը պահպանվում է՝ չնայած 2020 թ. մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված ռուս-թուրքական համաձայնությանը։

Թուրքիան և Ռուսաստանը բարիկադի տարբեր կողմերում են նաև Լիբիայում, որտեղ 2020 թ. ապրիլի 27-ին Թուրքիայի հիմնական հակառակորդ մարշալ Հաֆթարն իրեն ողջ Լիբիայի կառավարիչ է հռչակել՝ հայտարարելով 2015 թ. ՄԱԿ-ի հովանու ներքո Մարոկկոյում կնքված ներլիբիական համաձայնագրի չեղարկման մասին։

Ամենայն հավանականությամբ Թուրքիան կփորձի հնարավորինս հետաձգել S-400 համակարգերի գործարկման որոշումը՝ այդ ընթացքում փորձելով զիջումներ կորզել թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Ռուսաստանից։ Բայցևայնպես, հնարավոր չէ գնալ անվերջ ձգձգումների ճանապարհով։ Ենթադրաբար, մինչև 2020 թ. ավարտը Թուրքիան կա՛մ պետք է հրաժարվի S-400 համակարգերի գործարկումից՝ դրանով լրջորեն վնասելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավմամբ նորից ընդգրկվի F-35 ծրագրում, կա՛մ գործարկի դրանք՝ փորձելով օգտագործել ամերիկյան գործադիր իշխանության հետ իր կապերը՝ սպասվող պատժամիջոցները հնարավորինս մեղմելու նպատակով։  

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում