Գլխավոր Լրահոս

Ինչպես է իրականացվելու վեթինգը․ պարզաբանում է արդարադատության նախարարը

Ինչպես է իրականացվելու վեթինգը․ պարզաբանում է արդարադատության նախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 11-ին հանդիպել են՝ քննարկելու ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքը և դատավորների վեթինգը։

«Առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություն չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,- ասաց Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ եթե դատավորը հաշվետու տարում եկամուտներով չհիմնավորված գույքի ավելացման մասին պատշաճ բացատրություն չի ներկայացնում կամ ինչ-որ տեղեկություն է թաքցնում հայտարարագրում, կարող է ենթարկվել քրեական կամ կարգապահական պատասխանատվության։

Վարչապետի հարցին, թե կարգապահական վարույթ կարող է հարուցվել 2012-ի համար, դատավորը չի կարող բացատրություն տալ օրինակ 2013-ին կամ 2014-ին ձեռք բերած գույքի համար, Բադասյանը նշեց՝ դա քննադատության հիմնական առարկան է։

«Նշում են, որ հետադարձ ուժ չի կիրառվում: Բայց պետք է նշել, որ, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մի պահ մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են սահմանադրական փոփոխություններ: Այսինքն՝ առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթինգ, պայմանական անվանենք համատարած վեթինգ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ նույնիսկ սահմանադրական փոփոխությունների դեպքում պետք է ձևավորվեն նոր մարմիններ, ինչը ժամանակ է պահանջում։ «Կարծում եմ, որ Դատական օրենսգրքի մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում և դա իրականացնել աստիճանական»,- նշեց նա։

Բադասյանի խոսքով՝ գույքային դրությունը ստուգելու համար գործելու է 3 հանձնաժողով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը և Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը։

Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից՝ 3 դատավոր և քաղաքացիական հասարակության 2 ներկայացուցիչ։ Բադասյանի խոսքով՝ սա արվում է միտումնավոր, որպեսզի գործընթացը հնարավորինս թափանցիկ լինի, և դատական համակարգից դուրս անձինք էլ դրան մասնակից լինեն։ Անդամներն ընտրվելու են դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ 

«Գնահատման հանձնաժողովը նայելու է, թե դատավորների կողմից որքանով են ողջամիտ ժամկետները պահպանվում, դատական ակտերը արդյոք հիմնավորվածության չափանիշներին համապատասխանում են, արդյոք դատավորների կողմից պահպանվում են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները»,- նշեց արդարադատության նախարարը։

Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից՝ 6 դատավոր և քաղհասարակության երկու ներկայացուցիչ։

«Սա, կարծում եմ, լավագույն ստանդարտն է, որ հենց դատական համակարգը, երաշխավորելով իր համակարգի անկախությունը, զբաղվի նմանատիպ հարցերով, և գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,- ասաց Բադասյանը։

Վարչապետի հարցին, թե դատական համակարգը ինչու պետք է շահագրգռված լինի «ինքնամաքրվել», Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ դատական համակարգում կան համակարգի մասին մտածող մարդիկ, և նրանք էլ մարմինների ճիշտ ձևավորման դեպքում կարող են իրականացնել աշխատանքները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ինքնավար լինելը և հանձնաժողովներում քաղաքացիական հասարակությունից մարդկանց ընդգրկելը, նախարարի խոսքով, երաշխքիներ են, որ մեթոդը կաշխատի։

Լուսինե Վարդանյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում