Գլխավոր Լրահոս

«Լուսավոր Հայաստանն» ու «Իմ քայլը» հարաբերությունների պարզումը շարունակեցին ճեպազրույցներում

«Լուսավոր Հայաստանն» ու «Իմ քայլը» հարաբերությունների պարզումը շարունակեցին ճեպազրույցներում
«Նախկին իշխանությունները ցանկանում են ամեն կերպ ապալեգիտիմացնել Թավշյա հեղափոխությունից հետո արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորված յոթերորդ գումարման Ազգային ժողովը: Այս քաղաքականությունը տարվում է ԱԺ-ի ձևավորման առաջին օրվանից, իսկ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կամա թե ակամա գտնվում է այդ քաղաքականության համատեքստում»․ այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ այլ կերպ հնարավոր չէ որակել ԼՀԿ-ի առանձին պատգամավորների և առաջին հերթին՝ նախագահ Էդմոն Մարուքյանի վեջին շրջանի պահվածքը: «Փաստ է, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր՝ Ազգային ժողովից դուրս, մի օր՝ Ազգային ժողովից դուրս է ծեծկռտուք լինում, մյուս օրը՝ Ազգային ժողովում: Սակայն ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը, քանի որ մեր հանրությունն արժանի է, որպեսզի Ազգային ժողովում տեղի ունենան ավելի բովանդակային ու քաղաքական խոսակցություններ», - նշեց Ռուբինյանը՝ հավելելով, որ իրենց քաղաքական ուժը և այդ ուժի ղեկավարը դատապարտել են բռնությունը և գնահատական տվել ԼՀԿ-ի պահվածքին: Ռուբինայնն այնուամեյաննիվ նախկին իշխանությունների հետ «Լուսավոր Հայաստանի» համագործակցության փաստեր չներկայացրեց՝ նշելով, որ խոսքը ԼՀԿ-ի՝ նախկին իշխանությունների կողմից առաջ մղվող քաղաքական օրակարգի ու համատեքստի մաս կազմելու մասին է: «Եթե համագործակցություն ասելով՝ նկատի ունեք, որ երկու անձ հանդիպում ու պայմանավորվում են, թե ինչ անել, ապա համագործակցությունը միշտ չէ, որ այդ տեսքն ունի», - ասաց Ռուբինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ԼՀԿ-ի ու նախկինների համագործակցության մասին հստակ փաստեր ներկայացնելու մասին հարցին: Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ նախկին իշխանությունները կատաղի պայքար էին մղում «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունման դեմ: Բանը հասավ նրան, որ օրենքը ստորագրելուց հետո անձնապես թիրախավորվեց երկրի նախագահը: «Իսկ ինչպե՞ս է քվեարկել այդ օրենքին «Լուսավոր Հայաստանը»», - հարց ուղղեց պատգամավորն ու ինքն էլ պատասխանեց՝ ձեռնպահ է քվեարկել: Ճեպազրույցների ժամանակ թեմային անդրադարձավ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ իրենք ակնկալում էին ԱԺ-ում տեղի ունեցած բռնության քաղաքական դատապարտում, սակայն վարչապետ Փաշինյանն իր հայտնի ելութով լեգիտիմացրեց այն: «Սկսվեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող և հիմնական մեղավոր: Դրա մեջ կա խորքային հանգամանք, որը քաղաքական է: Այն է՝ խորհրդարանում հնչած ընդդիմադիր սուր խոսքը որակել որպես սադրանք, որից հետո կարելի է բռնություն կատարել ու արդարացնել այն», - ասաց Մարուքյանը։ «Ազդելու է մարդկանց խոսքի ազատության, այլընտրանքային կարծիքների վրա: Սա մի մեծ գործընթացի սկիզբ է, որով իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը՝ արդարացնելով բռնությունն ազատ խոսքի դեմ, այն էլ՝ խորհրդարանում: Այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ», - հայտարարեց Մարուքյանը՝ նկատելով, որ նման կերպ նաև փորձ է կատարվում իրենց դուրս դնել քաղաքական դաշտից, ինչը, Մարուքյանի վստահեցմամբ, չի ստացվելու: «Մենք էլ վրիպակներ ենք թույլ տալիս, միս ու արյունից ենք, մեր նյարդներն էլ են տեղի տալիս, բայց հարցի հիմքը քաղաքական է», - շարունակեց նա՝ հավելելով, որ հարցը պետք է դիտարկել այդ դաշտում ու տալ երաշխիքներ, որ այլևս երբեք ընդդիմադիր խոսքի նկատմամբ բռնություն չի կիրառվելու: Մարուքյանը նաև ներողություն խնդրեց այն հայտարարությունների համար, որոնք արել են իրենց կողմնակիցները, և դրանք դիտարկվել են մարդկանց սրբությունները վիրավորելու համատեքստում․ այսպես նա անուղղակիորեն անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի պահանջին, որ Մարուքյանի եղբայրը ներողություն խնդրի իր մորը վիրավորելու համար։ «Տեղի է ունեցել տհաճ և ցավալի միջադեպ, որը որևէ կերպ չի տեղավորվում պառլամենտարիզմի, քաղաքական երկխոսության ու ժողովրդարավության տրամաբանության մեջ», - ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ ԼՀԿ-ին ու «Իմ քային» կոչ են արել թողնել այդ ամենն ու վերադառնալ քաղաքական քննարկումների դաշտ: «Հատկապես համավարակի այս ընթացքում պետք է հստակ քայլեր ձեռնարկվեն ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ, սակայն շարունակում է քննարկվել այն օրակարգը, որը, կարծում եմ, որևէ մեկին օգուտ չի տալու», - եզրափակեց Տոնոյանը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում