
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը «Առավոտ»-ի հետ զրույցում հաստատել է ընկերության բաժնետերերի ցանկում կատարված խոշոր փոփոխությունների մասին հրապարակումները։
Մայիսի 2-ին Սիվիլնեթը գրել էր, որ պղնձամոլիբդենային կոմբինատի ամենախոշոր բաժնետերը՝ գերմանական «Քրոնիմեթը», որին պատկանում էր ընկերության բաժնեմասերի 75 տոկոսը, դուրս է եկել բաժնետերերի ցանկից։ Դրանից առաջ տեղեկացրել էինք, որ ՌԴ առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դարձել է ԶՊՄԿ-ի 12,5 տոկոսի բաժնետեր։
«Հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ ԶՊՄԿ բաժնետերերի ժողովի որոշմամբ ընկերությունը ձեռք է բերել «Քրոնիմեթ» ընկերությունների խմբին պատկանող բաժնետոմսերը (75%) և այդ ծավալից 12,5%-ը վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել գերմանական «ՍԻ 2 Քափիթալ» ընկերության հետ»,- «Առավոտ»-ին հայտնել է Պոլոսկովը, որը ևս ԶՊՄԿ բաժնետեր է 7,5 տոկոսի չափով։
Պոլոսկովը նշել է, որ բաժնետերերի նման փոփոխությունները ԶՊՄԿ տնօրինության հետ համաձայնեցման ենթակա չենմ և ինքը փոփոխությունների մասին իմացել է պոստ ֆակտում։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ կոմբինատի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում ակտիվ բանակցություններ են վարում ոլորտի առաջատար ձեռնարկությունների, խոշորագույն առևտրային ընկերությունների և զարգացման բանկերի հետ՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը տեղաբաշխելու ուղղությամբ։
«Ներկայում մենք ակտիվորեն իրականացնում ենք մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիմք նախապատրաստել ընկերության բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման (IPO) համար»,- ասել է Պոլոսկովը՝ հայտարարելով, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալու երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն։
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Civilnet










