Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատախազին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ գործի նախաքննությունն ավարտվել է։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
«Հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ :
Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում։
***
2019թ․ հուլիսին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել։ Դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու որոշումների հետ։
Դավիթ Գրիգորյանը այն դատավորն է, որի վարույթում է գտնվել Մարտի 1-ի անջատված գործը։ 2019թ․ մայիսի 16-ին Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատեց ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին և կասեցրեց քրեական գործի վարույթը։
Civilnet










