ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այս պահի դրությամբ տվել է համաձայնություն, որ կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին․ մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նա հավելեց, որ քննարկում են նախկին նախարարի մասնակցության ձևաչափը:
Քոչարյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է քննիչ հանձնաժողովի նիստ անցկացնել մայիսի 26-ին կամ 27-ին:
Անդրանիկ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայությունից ստացել են Ապրիլյան պատերազմին վերաբերող զեկույցը։
Քննիչ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս պահի դրությամբ կարևոր խնդիր է շարունակում մնալ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին: Վերջինս մինչև հունիսի 4-ը ժամանակ ունի՝ գալու և մասնակցելու:
Այն մասին, որ Ապրիլյան հանձնաժողովի հաջորդ հրավիրյալը Էդվարդ Նալբանդյանն է, հայտնի էր դարձել մայիսի 11-ին։
Ժաննա Ավագյան
Civilnet











