Գլխավոր Լրահոս

Կութ. լուսանկարներ և կարճ պատմություն

Կութ. լուսանկարներ և կարճ պատմություն

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Կութ գյուղը հին հայկական բնակավայր է, թեև 17-րդ դարից սկսած՝ բնակեցվել է մուսուլմաններով, իսկ 1831-ից մինչև 1988-ը ընկած ժամանակահատվածում, համաձայն մարդահամարների տվյալների, եղել է ադրբեջանաբնակ:

Կութ գյուղի շրջակայքում պահպանվել են 16-17-րդ դարերի հայկական գերեզմաններ, 15-16-րդ դարերի խաչքարեր, իսկ գյուղից երկու կմ հարավ-արևելք՝ գյուղատեղի։

Վարդենիսի, Քարվաճառի (Քելբաջար), Բերձորի (Լաչին) հատվածում 17-րդ դարում հաստատված մուսուլմանները կամ նրանց մի մասը շիա քրդեր էին, որոնք խորհրդային տարիներին վերջնականապես անվանվեցին ադրբեջանցիներ:

Կութ գյուղը ունեցել է Զարքենդ և Զարզիբիլ անվանումները: Զարզիբիլից Զարքենդ է վերանվանվել 1935 թվականի հունվարի 3-ին, Զարքենդից՝ Կութ՝ 1991թ․ ապրիլի 3-ին:

Կութը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, Վարդենիս-Մարտակերտ մայրուղուց և դեպի Սոթք տանող երկաթգծից մի քանի կիլոմետր դեպի արևելք, ծովի մակերևույթից 2100 և ավելի բարձրության վրա:

Գյուղի միջով հոսում է Կութ գետը, միանում է Սոթք գետին, որը Մասրիկի աջ վտակն է և թափվում Սևանա լիճ:

Վարդենիսի տարածաշրջանում 19-րդ դարի սկզբի միակ բնակավայրը, որտեղ հաշված թվով հայեր են բնակվել, եղել է Կութը:

Հայ նշանավոր վիճակագիր Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության մեջ նշվում է, որ 1831 թվականին Կութն ունեցել է 211 բնակիչ, որից 202՝ իսլամ, 9-ը՝ հայ: Հաջորդ մի քանի մարդահամարների ժամանակ գյուղում հայ բնակչություն այլևս չի եղել:

Մինչև 1939 թվականի Խորհրդային Միության երկրորդ մարդահամարը ադրբեջանցիները տարբեր հաշվառումների և մարդահամարների ժամանակ ստացել են թաթար, իսլամ, թուրք, թրքո-թաթար անունները:

1897թ․ ցարական առաջին և վերջին մարդահամարի համաձայն՝ Կութն ունեցել է 754 իսլամ բնակչություն:

1926թ․ տեղի ունեցավ Խորհրդային Միության առաջին մարդահամարը, որի համաձայն՝ Կութն ուներ 645 բնակիչ, որից 631-ը՝ թուրք, 1-ը՝ հայ, 22-ը՝ այլ ազգություն: Ամենայն հավանականությամբ, 22 այլազգիները եղել են քրդեր: 1831-ից մինչև 1926-ն ընկած մարդահամարների ազգային կազմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրդերը, լինելով շիա, հաճախ իրենց ասոցացրել են շիա թաթարների՝ ադրբեջանցիների հետ, քրդերենի հետ գործածել ադրբեջաներենը:

1988թ․ աշնանը բոլոր ադրբեջանցիները հեռացան Կութից: Այստեղ հաստատվեցին հայեր Ադրբեջանից և Դաշտային Արցախից:

Կութում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ: Հիմնականում ցանում են կարտոֆիլ, ցորեն և գարի:

Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում