Շվեդիայում մոտ մեկուկես միլիոն մարդ որևէ աստիճանի հաշմանդամություն ունի: Այս մարդկանց համար արվում է հնարավորը, որպեսզի նրանք ինքնուրույն կառավարեն սեփական կյանքը: Sweden.se կայքի անդրադարձը։
Արժանապատիվ կյանք + ժողովրդավարություն
Շվեդիայի քաղաքականությունը սահմանափակ կարողություններով մարդկանց հանդեպ հետապնդում է հստակ նպատակ` տալ նրանց առավելագույն հնարավորություններ այլ քաղաքացիների հետ հավասարապես հասարակական կյանքին մասնակցելու համար: Կառավարության ռազմավարությունում տասը առանցքային ուղղություններ են: Նրանցից երեքին առանձնակի ուշադրություն է դարձվում. դատական համակարգին, փոխադրամիջոցներին և տեղեկատվական տեխնոլոգիաներին:
Դատական համակարգ
Շվեդիան ձգտում է նրան, որ երկրի օրենքները բոլոր քաղաքացիների կողմից ընկալվեն նպատակահարմար և խելամիտ, իսկ դատական համակարգը աշխատի արդյունավետ՝ ի շահ բոլորի` պաշտպանելով նրանց սահմանադրական իրավունքները: Հետևաբար, օրինակ, իրավապահ համակարգի աշխատանքի գնահատման կարևոր չափանիշ են սահմանափակ կարողություններով մարդկանց կարիքները: 2010 թվականին Շվեդիայի դատախազությունը գործարկեց հատուկ նախագիծ, որի խնդիրն է պարզել, թե այդ խմբի ներկայացուցիչները, որոնք դարձել են հանցագործությունների զոհեր, ինչպես կարող են հայտնել կատարվածի մասին, և ինչպես կարգավորել նրանց համար հարմար կապը իրավապահ մարմինների հետ: 2012 թվականին Շվեդիայի ազգային դատական վարչությունը մշակեց գործողությունների ծրագիր՝ բարելավելու դատարանների հասանելիությունը հաշմանդամների համար:
Փոխադրամիջոցներ
Սահմանափակ կարողություններով մարդկանց համար առանձնահատուկ կարևոր է շարժման իրական ազատությունը, առանց որի անհնար կլիներ ստանալ կրթություն, աշխատել և իրավահավասար մասնակցություն ունենալ հասարակական կյանքին:
Շվեդիայում խոչընդոտներից զերծ միջավայրի ստեղծման նախագծի մեջ վաղուց չափանիշ են դարձել վերելակները, թեքահարթակները, հատկացված կայանատեղիները, լրացուցիչ ենթակառուցվածքները օդանավակայաններում, մետրոյում, երկաթուղում, զբոսանավերում: Հիմա Շվեդիայի կառավարությունը և քաղաքային իշխանությունները աշխատում են, որ մատչելի դարձնեն ավտոբուսի և տրամվայի կանգառները ամբողջ երկրում: Բացի այդ, առանձնակի ուշադրություն է դարձվում ուղևորների իրավունքներին երկրի հեռավոր շրջաններում: Այստեղ էլ առաջնահերթությունը տրվում է նույնպես նախ և առաջ սահմանափակ կարողություններով մարդկանց:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Շվեդիայում քաղաքացիների հետ շփվելու համար իշխանությունները ակտիվ օգտագործում են ինտերնետը:
Սահմանափակ կարողություններով օգտագործողների համար մշակված ժամանակակից տեխնոլոգիաները նրանց գործողություններին մեծ ազատություն են տալիս: Ահա թե ինչու է Շվեդական ՏՏ ռազմավարությունում հատուկ ուշադրություն դարձվում ինտերնետի հասանելիությանը բոլոր բնակիչների համար:
Կրթության մասին օրենքը դպրոցներին պարտադրում է օգնություն ցույց տալ հատուկ կարիքներով երեխաներին:
Նպատակը՝ հավասար հնարավորություններ
Եթե տանը չկա թեքահարթակ, մետրոյի վագոնում` սայլակների համար տեղ, լուսացույցների մոտ` ձայնային ազդանշան, ուրեմն, հաշմանդամություն ունեցող մարդիկ հնարավորություն չունեն մասնակցելու երկրի կյանքին մյուսների հետ հավասարապես: Ահա միայն մի քանի որոշում, որոնց օգնությամբ այդ խնդիրը հաղթահարում են Շվեդիայում:
Անձնական օգնականներ
Սոցիալական ապահովության համակարգը հաշվարկված է յուրաքանչյուրի համար, սակայն կան նաև հատուկ ծրագրեր սահմանափակ կարողություններով մարդկանց համար: «Ֆունկցիոնալ խանգարումներով մարդկանց աջակցության և սպասարկման մասին» օրենքը նրանց իրավունք է տալիս ստանալ անհատական օգնություն` ամբողջությամբ, անվճար: Դրա ծավալը կախված է հաշմանդամության խմբից:
Բնակարանի բարեկարգում
Պատերին` բռնաձողեր, ընդլայնված դռնատեղեր, թեքահարթակներ շեմի փոխարեն, ինքնակառավարվող դռներ և ներկառուցված վերելակ․ Շվեդիայում հաշմանդամների համար բնակարանային այսպիսի հարմարեցումը վճարվում է համայնքային բյուջեից, իսկ դա ստանալու համար բավական է դիմել տեղական իշխանություններին: Պետական սուբսիդիաները այդպիսի վերակառուցման համար նախատեսված են ցանկացած խմբի հաշմանդամություն ունեցող մարդկանց համար՝ կույրերի, անշարժացածների, հոգեկան հիվանդություններով տառապողների կամ ալերգիայի ծանր ձևերի: Առաջին անգամ այս նպատակների համար դրամաշնորհը տրվեց Ստոկհոլմում 1959 թվականին, իսկ արդեն 1963-ին պրակտիկան հաստատեցին օրենսդրորեն:
Նրանք, ովքեր հատուկ օգնության կարիք ունեն, բնակարանի իրավունք ունեն խմբերով ապրելու համար նախատեսված տներում: Այնտեղ բնակվողներին բժշկական անձնակազմը և սոցիալական աշխատողները ցուցաբերում են շուրջօրյա խնամք: Որպես կանոն՝ այդպիսի տներում ապրում են առանձնասենյակներում, օգտվելով ընդհանուր կենցաղային ծառայություններից:
Ի դեպ, կա նաև այլ տարբերակ. ինքնուրույն կյանք՝ սպասարկվող բնակարանում: Ցանկացած ժամանակ տան բնակիչներին օգնություն են ցուցաբերում սոցիալական աշխատողները և բուժքույրերը:
Ավտոբուսի փոխարեն` անձնական ավտոմեքենա
Նրանք, ովքեր առողջական խնդիրների պատճառով չեն կարող օգտվել հասարակական փոխադրամիջոցից, սոցիալական ապահովագրության գործակալությունից կարող են ստանալ նպաստ մեքենայի համար:
Ավտոմեքենաների սուբսիդիաները մասնավորապես նախատեսված են սահմանափակ շարժունակություն ունեցող, ուժեղ ցավերից տառապող, շնչառական և հավասարակշռության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ֆինանսական օգնություն ստանալու համար հայտ իրավունք ունեն ներկայացնելու նաև նմանատիպ հիվանդություններով երեխաների ծնողները:
Ֆինանսական օգնություն՝ աշխատանք փնտրելիս
Շվեդիայում սահմանափակ կարողություններով մարդկանց համար աշխատանք փնտրելու օգնությունը և աշխատանքի տեղերի պահպանումը պետության պարտավորությունն է: Ձեռնարկությունները, սահմանափակ աշխատունակություն ունեցող մարդկանց վարձելով, երբեմն հիմնվում են բյուջեից ստացվող սուբսիդիաների վրա: Այդ գումարները գնում են նրանց աշխատավարձերին: Բացի այդ, հաշմանդամների շահերից ելնելով՝ Շվեդիայում գործում է պետական հսկա` Samhall ընկերությունը, որը մատակարարում է որակյալ աշխատուժ մասնավոր ընկերություներին: Այդպես` սահմանափակ կարողություններով մարդկանց ուսուցանվում են պահանջարկ ունեցող մասնագիտությոըններ, և ուժերի ներածին չափով նրանք ներդրում են ունենում ազգային տնտեսության մեջ: Բացի դրանից, Շվեդիայի ապահովագրական գործակալությունը նրանց վճարում է տարատեսակ նպաստներ:
Մայրաքաղաք` յուրաքանչյուրի համար
Վերջին տարիներին Ստոկհոլմը շատ բան է արել, որպեսզի դառնա ավելի հարմարավետ սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Ահա միայն մի քանի օրինակ.
Հետիոտնային անցումների մեծ մասը` հինգ հազարից ավելի, այժմ հատուկ կահավորված են: Ձայնային ազդանշաններ լուսացույցների վրա, ճանապարհի կոնտրաստային գծանշումներ և հատուկ նշումներ թույլ տեսողություն ունեցողների համար անցումների սահմանագծում, մայթերից իջնող թեքահարթակներ սայլակավորների համար: Այս ամենը «ստոկհոլմյան միասնական մոդելի» բաղկացուցիչներ են, փողոցում սահմանափակ կարողություններով մարդկանց օգնության կատարելագործված ծրագրեր:
Ահա, թե ինչպես է տեսել հասանելի միջավայրը Շվեդիայում ռուսական «TV 21» (Մուրմանսկ) նկարահանող խումբը. «Փողոցների եզրերի երկարությամբ տասը հազարից ավելի ջրահեռացման փոսերը փոխարինված են ավելի հարմարավետներով: Նպատակը նույնն է. հեշտացնել քաղաքում սայլակավորների և թույլ տեսնողների տեղաշարժը»:
Սպորտի հարցերով Ստոկհոլմի վարչակազմի ծրագրով ութսունից ավելի սպորտդահլիճ և խաղահրապարակ հարմարեցվել են սահմանափակ կարողություններով մարդկանց համար:
Քաղաքում վերակառուցել են 360 ավտոբուսային կանգառ: Նրանցից յուրաքանչյուրը բարձրացրել են այնպես, որ սայլակով հնարավոր լինի հեշտությամբ մուտք գործել ավտոբուս կամ տրամվայ:
Աջակցող շարժում` համերաշխության ուժ
Ավելի քան կես դար է, որ Շվեդիայի քաղաքականությունը սահմանափակ կարողություններով մարդկանց հետ հարաբերություններում պետության հետ միասին որոշում են նաև ոչ կառավարական կազմակերպությունները` պաշտպանելով նրանց իրավունքները: Նրանցից շատերը մտնում են Սահմանափակ կարողություններով մարդկանց շվեդական ֆեդերացիայի մեջ։ Այս կազմակերպությունը ստեղծվել է առավել արդյունավետ ներկայացնելու նրանց շահերը իշխանությունների և հասարակության հետ երկխոսությունում: Ֆեդերացիան իր հերթին մտնում է հաշմանդամության խնդիրներով եվրոպական ֆորումի մեջ (EDF): Այդ ազդեցիկ միավորումը պայքարում է Եվրոպական միության սահմանափակ կարողություններով 80 միլիոն քաղաքացիների իրավունքների համար:
Շվեդիայի համար այս պայքարի միջանկյալ արդյունքները այսպիսին են. միայն 2011 թվականին մոտ 60 մասնագիտացված կազմակերպություն ավելի քան 20 միլիոն եվրո դրամաշնորհներ է ստացել պետությունից: Կազմակերպություններից շատերը միավորում են որոշակի տեսակի ֆունկցիոնալ սահմանափակմամբ մարդկանց: Որոշ միավորումներում գործում են երիտասարդական բաժիններ, մյուսները հոգ են տանում երեխաների և ընտանիքների մասին:
Խտրականությունը` բացարձակ արգելքի տակ
Սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքները հստակ ամրագրված են օրենսդրության մեջ: 1994 թվականին երկրում ուժի մեջ մտավ «Սահմանափակ կարողություններով որոշակի խմբերի անձանց սոցիալական օգնության» մասին օրենքը: Այն իրավական հիմք է առավել լուրջ սահմանափակ կարողություններով մարդկանց համար. ամենօրյա կյանքում համագործակցությունից և ծնողներին օնելուց, ընդհուպ մինչև առանձին բնակարաններ պատշաճ ծառայությունով և անձնական օգնականներ: Սահմանափակ կարողություններով այն մարդիկ, որոնց վրա այդ օրենսդրությունը չի տարածվում, օգնության համար դիմում են Շվեդիայի տեղական ինքնավարության մարմիններին «Սոցիալական ծառայության մասին» օրենքի հիման վրա: Այդպիսի մարդկանց կարիքները հաշվի են առնված նաև այլ իրավական ակտերում, մասնավորապես` Շինարարության մասին օրենսդրությունում: Բացի այդ, Շվեդիայում հաճելիորեն մի քանի օրենքներով արգելվում է ցանկացած խտրականություն` գենդերային, սեռական, կրոնական, քաղաքական, էթնիկական, տարիքային չափանիշներով կամ սահմանափակ կարողություններով մարդկանց նկատմամբ: Նրանց համար, ովքեր ենթարկվել են որևիցե ճնշումների, նախատեսված են փոխհատուցումներ և անվճար օգնություն:
«Խտրականության դեմ պայքարի» մասին օրենքը խտրականությունն արգելու է ոչ միայն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այլև շվեդներին պարտավորեցնում է օժանդակել ցանկացած փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ինտեգրվելու աշխատանքում և կրթության մեջ: Այդ օրենքների ճշգրիտ կատարումը վերահսկում է Շվեդիայի հավասարության հարցերով կառավարության լիազորը:
Պետական աջակցություն բոլոր մակարդակներում
Շվեդիայի կառավարությունը և խորհրդարանը որոշում են հաշմանդամների նկատմամբ քաղաքականության ընդհանուր ուղենիշը` ընդունելով համապատասխան օրենքներ: Նախարարությունները պատասխանատու են մասնագիտացած ուղղությունների համար` կրթություն, առողջապահություն, հաշմանդամների զբաղվածություն: Կառավարության խնդիրն է յուրաքանչյուր բնագավառի զարգացումը և միասնական ռազմավարությանը հետամուտ լինելը:
Տեղական իշխանություններ
Շրջանային խորհուրդներ. դրանք Շվեդիայում քսանն են, ապահովում են առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Իր հերթին տեղական իշխանության 290 ինքնավար մարմինները պատասխանատու են սահմանափակ կարողություններով մարդկանց փոխադրումների, կրթության, սոցիալական պաշտպանության և լրացուցիչ աջակցության համակարգի համար: Դրա մեջ շատ բան է մտնում: Օրինակ` անձնական օգնականները, հոգեկան հիվանդություն ունեցողների համար ուղեկցորդները, տրանսպորտային հատուկ ծառայությունները, մեքենայի համար նպաստները և սահմանափակ կարողություններով մարդկանց համար բնակարանի հարմարեցումը: Այդ աջակցության շնորհիվ նրանց հաջողվում է վարել ակտիվ ինքնուրույն կյանք:
Միջազգային պարտավորություններ
Շվեդիայի քաղաքականության անկյունաքարը ՄԱԿ-ի 1993 թվականին ընունած «Հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոնների կոնվենցիայի» ապահովումն է: 2008 թվականին Շվեդիայի կառավարությունը վավերացրեց կոնվենցիան սահմանափակ կարողություններով մարդկանց իրավունքների մասին` արդեն ոչ թե դեկլարատիվ, այլ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթ ընդունելով: Այսպիսով` Շվեդիան երաշխավորել է, որ իր օրենքները բացառում են այդ խմբի մարդկանց նկատմամբ ցանկացած խտրականություն:
Շվեդիայի մասնագիտացած կազմակերպությունները
- Հատուկ կրթության հարցերով պետական գործակալություն․ կազմակերպում է ուսուցում հատուկ կարիքներով երեխաների համար:
- Առողջության և բարեկեցության հարցերով պետական խորհուրդ․ զբաղվում է հասարակական աջակցութան, բժշկական ծառայության և սանիտարահամաճարակային վերահսկողության հարցերով:
- Բնակարանի շինարարության և ճարտարապետական հարցերով պետական խորհուրդ․ պատասխանատու է քաղաքաշինական քաղաքականության համար, կարգավորում է շինարարության ճյուղը: Կարևոր ուղղությունների մեջ բնակարանների հարմարեցումն է և անխոչընդոտ միջավայրի ստեղծումը արդեն եղած կառույցում:
- Սահմանափակ կարողությունների ոլորտում Շվեդիայի քաղաքականության կոորդինացման հարցերով կազմակերպություն․ պետական գերատեսչություն, որը պատասխանատու է այդ խմբի նկատմամբ ազգային քաղաքականության իրականացման համար:
Թարգմանությունը՝ Տաթևիկ Ղահրամանյանի
Civilnet











