Գլխավոր Լրահոս

Ծեծ, առևանգում և թմրանյութեր. Քաջարանում քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՔԿ-ի պարազաբանումը

Ծեծ, առևանգում և թմրանյութեր. Քաջարանում քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ՔԿ-ի պարազաբանումը

Հայաստանի Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ՔԿ-ից, այս տարվա ապրիլի 26-ին Քաջարան համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք:

«Քաջարանի բնակիչներ Գ․ Մ․-ի և նրա ընկերոջ՝ Կ․ Թ․-ի միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք», - ասված է հաղորդգրության մեջ։

Նշվում է, որ մի քանի օր անց կոնֆլիկտը տեղափոխվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք, որին մասնակցել են նաև կոմիբինատի աշխատակիցները:

«2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:

Շուրջ կես ժամ ծեծելուց հետո, Շ. Մ․-ին «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող, Ա․Պ․-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան, ինչին միջամտել են Շ.Մ․-ի եղբայրը՝ Գ.Մ․-ն և Ա․Փ․-ն, ինչպես նաև ինքնությունները չպարզված անձինք, ինչի հետևանքով ծեծկռտուքը դադարել է», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

«2020թ․մայիսի 24-ին Խ․ Մ-ն, Մ․ Ս-ն և Լ․ Հ-ն ձերբակալվել են` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա․Պ-ն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով։ Իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ միջոցառումներ՝ համայնքի ղեկավարի մասնակցությունը դեպքերին ստուգելու և նրա դերակատարումը պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է: Միաժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է չխոչընդոտել քրեական գործի քննությանն ու արդարադատության իրականացմանը, քանի որ դրա համար նախատեսված է քրեական պատասխանատվություն», - ասված է հաղորդագրության մեջ:

Մայիսի 24-ի առավոտյան հայտնի դարձավ որ դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Այնուհետև մամուլը հաղորդեց, որ բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանք ծեծի են ենթարկվել:

Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ հավաքվել են քաղաքացիներ, որոնք պահանջում էին պատժել ձերբակալվածների նկատմամբ բռնություն կիրառած իրավապահներին: Նրանք նաև դեմ էին արտահայտվում ձերբակալվածներին Երևան տեղափոխելուն: Սակայն մայիսի 24-ի գիշերը տեղի տվեցին, ու ձերբակալվածները տեղափոխվեցին Երևան:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը անձամբ է ժամանել Կապանի ոստիկանության տարածք՝ ցուցարարների պահանջով: Մարզպետը զրուցել է այնտեղ բողոք իրականացնող քաղաքացիների հետ և նշել, որ ոստիկանության գործողություններում քաղաքական ենթատեքստեր չկան, իսկ այն, որ բռնության ենթարկված քաղաքացու համար պատժվողներ լինելու են, միանշանակ է:

Ամբողջ օրվա ընթացքում այնտեղ էր նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը դատապարտել է տեղի ունեցածը՝ այն որակելով որպես քաղաքական հետապնդում:

Ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:

Իրավիճակին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, որի աշխատակազմի տվյալներով այս գործով առկա է ևս մեկ անձ, որը բերման է ենթարկվել և ձերբակալվել Երևանում:

Հարցին անուղղակիորեն անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով. «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն: Սա եկեք արձանագրենք»:

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում