Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը, որոնցից 6-ը աշխատակից են, 9-ը՝ երեխա․ տվյալները ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։
«Մարի Իզմիրլյան մանկատանը 46 հոգի թեստավորվել է, 15 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը՝ 6 աշխատակից և 9 երեխա։ Այս պահին հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ նրանց մոտ չկան ախտանշաններ։ Ե՛վ աշխատողները, և՛ երեխաներն իրենց լավ են զգում»,- նշեց Մարտիրոսյանը։
Նա հայտնեց, որ երկու օր առաջ դայակներից մեկի ջերմությունը բարձրացել է 37,6 աստիճան, ինչից հետո նրան մեկուսացրել են։ Դայակն այժմ գտնվում է տանը, սակայն նրա թեստի պատասխանը դեռ չկա։
«Այսինքն, վստահ չենք, ինքն է վարակման աղբյուրը եղել, թե ոչ։ Դայակի ջերմությունն այս պահին 37,4 է»,- ասաց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ մայիսի 25-ի առավոտյան տարածքն ախտահանվել է, այս պահին էլ այնտեղ համաճարակաբաններ են աշխատում, որոնք հրավիրվել են «Արաբկիր» բժշկական համալիրից։
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը խնամք է ստանում 102 երեխա։
***
Մայիսի 25-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 452 նոր դեպք, առողջացել է 81, գրանցվել է 6 մահ։
Լուսանկարը՝ ՄԵԴԻԱՄԱՔՍԻ
Civilnet











