Թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատականները խոսում են այն մասին, որ ինչ եղել է Ազգային ժողովում, կարող է նորից կրկնվել․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ մայիսի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսին խոսելով Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի մասին՝ հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ եթե որևէ բան չի դատապարտվում, ապա դրա կրկնվելու հավանականությունը մեծ է:
Խոսելով իր և Սասուն Միքայելյանի հետագա հարաբերությունների մասին՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց. «Խորհրդարանը աշխատելու վայր է, քաղաքական վայր է, և ես որևէ ձևով չեմ պատկերացնում, որ մեր գործունեությունը ինչ-որ շփման հետ է կապված: Մեր գործունեությունը կապված է մեր կողմից օրենսդիր, սահմանադրական լիազորությունները իրականացնելու հետ»:
Ասուլիսի ընթացքում Մարուքյանը անդրադարձավ նաև մայիսի 24-ին Կապանում տեղի ունեցած միջադեպին՝ նշելով, որ ինքը դատապարտել է Կապանում ոստիկանության բռնությունը։
«Ինչ նկատի ունեմ՝ գոնե վերջին 3 տարիների ընթացքում ոստիկանությունում բռնությունների մասին հրապարակային հաղորդագրություններ չունենք: Մենք սա ստուգել ենք: Վերջին բռնությունները եղել են 2016 թվականին: Հիմա եթե ինչ որ մեկը բերման է ենթարկվել, որի նկարներից առերևույթ երևում է, որ այդ մարդը խոշտանգման է ենթարկվել կամ արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի, ինչը արգելված է մեր Սահմանադրությամբ, Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայով, բոլոր փաստաթղթերով, այս մասով պետք է ոչ թե ծառայողական քննություն լիներ, այլ անմիջապես պետք է քրեական գործ հարուցվեր, ինչը դեռ չի արվել: Այս մասով կա հանցագործություն և պետք է քննություն գնա»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
***
Մայիսի 8-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև: Դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունն ու մամուլի հրապարակումները: Հատուկ քննչական ծառայությունը օրերս պարզաբանում տարածեց՝ տեղեկացնելով, որ Ազգային ժողովի մայիսի 8-ի միջադեպի մասնակից պատգամավորների արարքում հանցակազմը բացակայում է։
Գեղեցիկ Ոսկանյան