Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մայիսի 27-ին պատասխանեց լրագրողների հարցերին։ Նախարարը խոսեց հանրաքվեի չեղարկման և սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի միջոցով կատարելու մասին։
«Նախ մենք որևէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով։ Ներկայում ընդամենը օրենսդրական նման հնարավորություն է ստեղծվում, սա մեկ։ Երկրորդը, իմ կարծիքով՝ պետք է լինի օրենսդրական հնարավորություն, որը թույլ է տալիս հանրաքվեն չեղարկելու, որին մենք ականատես եղանք Covid-19-ի զարգացման գործընթացում, որ նման հիմք, այնուամենայնիվ, պետք է լինի, և իմ դիրքորոշումը այն է, որ այն մարմինը, որ որոշում է կայացրել հանրաքվե նշանակելու, հենց այդ մարմինը պետք է հնարավորություն ունենա չեղարկելու տվյալ ոորշումը, տվյալ դեպքում՝ Ազգային Ժողովը (ԱԺ)»,- ասաց Բադասյանը։
Բադասյանի խոսքով՝ ճանապարհը Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով՝ 213 հոդվածի փոփոխությունների երկու ընթերցմամբ ընդունումն է։
Արդարադատության նախարարը պատասխանեց նաև Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին հարցին։
«Մենք Եվրոպայի Խորհրդի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ մշտապես կապի մեջ ենք, մշտապես խորհրդակցում ենք տարբեր հարցրերի շուրջ, իսկ բոլոր այն կոնցեպտուալ նախագծերը, որ Վենետիի հանձնաժողովի դաշտում են, մշտապես ուղարկվում են, կարծիք ենք ստանում։ Այդ գործընթացը ուղղակի իր զարգացման հունով այնպիսին էր, որ դեռ չենք դիմել Վենետիկի հանձնաժողովին, բայց կապի մեջ ենք, խորհրդակցում ենք, շարունակում ենք խորհրդակցել։ Հիմա, հենց այս իրավիճակում հնարավորություն ստեղծվեց դիմելու և դիմեցինք»,- նշեց նա։
Հարցին, թե փոփոխությունների փաթեթը նո՞ւյնն է լինելու, Բադասյանը պատասխանեց, որ ծավալային առումով հարցը, որ պետք է լուծվեր հանրաքվեով և հարցը, որ ԱԺ-ն կարող է լուծել, կարող են չհամընկնել։
«Տվյալ դեպքում նաև նշել ենք, որ Սահմանադրական դատարանի (ՍԴ) մոդելը կյանքի կոչելու համար 12 տարվա սահմանափակումը, այսինքն՝ այն անձինք, որոնք արդեն 12 տարի պաշտոնավարել են, նրանց լիազորությունների դադարեցման ճանապարհը, մյուսների սահմանափակումը 12 տարով։ Մյուս ճանապարհը և մյուս սկզբունքային հարցը, որ ՍԴ նախագահի ընտրության հարցը պետք է լուծեն Սահմանադրական դատարանի դատավորները։ Եվ այդտեղ շատ տխուր պատմություն կա, անցումային դրույթով էսպես հարմար ձևով ՍԴ նախագահի աթոռում տեղավորվելու հետ կապված, որը ամենացավալի կետերից մեկն է։ Եվ միանշանակ այս փոփոխություններով դրան պետք է անդրադարձ կատարվի»,- ասաց նա։
Լուսինե Վարդանյան
Civilnet











