Թեստավորվում են միայն այն մարդիկ, որոնք ունեն բժշկական ցուցում՝ ըստ նախարարի հրամանով հաստատված չափանիշների, որոնք հասանելի են առողջապահության նախարարության կայքում․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Հարցին, թե ինչ հաճախականությամբ են թեստավորում պարետատան աշխատակիցներին, Ազգային ժողովի և կառավարության աշխատակիցներին, ԱՆ խոսնակը պատասխանեց, որ որևէ զանգվածային թեստավորում չի անցկացվում, դա կատարվում է, կրկին, ըստ բժշկական ցուցումի։
Վերջին օրերին անցկացված թեստերի սակավությունը, ըստ խոսնակի, պայմանավորված չէ մահճակալների չհերիքելու կամ որևէ այլ հանգամանքով։
«Խնդիրը հետևյալն է՝ եղել է չորս ոչ աշխատանքային օր, և դիմելիությունը ավելի քիչ է եղել նախորդ օրերի համեմատ, նաև որոշ լաբորատորիաներ չեն աշխատել, կատարել են եզրափակիչ ախտահանումներ, բայց դա բացարձակ չի նշանակում, որ առաջիկայում թվերը կպահպանվեն և, օրինակ, աճ չի արձանագրվի»,- նշեց Նիկողոսյանը։
Նա տեղեկացրեց, որ թեստավորում անցնում են և անցնելու են այն մարդիկ, որոնք նախատեսված են թեստավորման համար։
Հունիսի 1-ի առավոտյան դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 210 նոր դեպք, մահացել է 8 մարդ։ Բացասական թեստերի քանակը 393 է։
Սաթենիկ Հակոբյան
Civilnet











