Գլխավոր Լրահոս

Փաշինյանը հանձնարարել է երկու շաբաթում ներկայացնել Քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումների ծրագիր

Փաշինյանը հանձնարարել է երկու շաբաթում ներկայացնել Քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումների ծրագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վարչապետ Փաշինյանին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին. նա զեկուցել է, որ 2020թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում՝ այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա, որոշում է կայացվել Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ նման որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների): Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ 2019թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Կոմիտեն շարունակական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, և որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին: Այս համատեքստում ԵՄ ավիացիոն ոլորտի մարմինները ողջունել են ՀՀ կառավարության՝ թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու հանձնառությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Վարչապետը, անդրադառնալով ներկայացված պարզաբանումներին, նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն ոչ միայն թռիչքային անվտանգության մակարդակի բարելավման, այլև տեղական ավիացիայի մրցունակության բարձրացման ուղղությամբ, ինչն էլ հնարավորություն կտա զարգացնել քաղաքացիական ավիացիան Հայաստանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, կառույցում որակյալ մասնագետների ներգրավման, ինստիտուցիոնալ, օրենսդրական, տեխնիկական ուղղություններով անելիքներին, ներկայացվել են մի շարք առաջարկներ: Կոմիտեի նախագահը նշել է, որ արդեն իսկ իրականացվել է կառույցում առկա խնդիրների գույքագրում և ախտորոշում, որոնց կապակցությամբ մշակվում են լուծումներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր: Աղբյուրը՝ ՀՀ վարչապետի կայքը
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում