Հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու համար կառավարությունը նոր ծրագիր կիրականացնի։ Այս հարցն ընդգրկված է հունիսի 4-ի կառավարության նիստի օրակարգում։ Կառուցապատող ընկերությունը «ՄԼ մայնինգն» է։
Ըստ կառավարության որոշման՝ բնակարանային համալիրը գտնվելու է Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ադոնցի 19/8 հասցեում։ Ընդհանուր առմամբ համալիրը բաղկացած է լինելու 619 բնակարաններից, որոնցից միայն 345-ն են նախատեսված հանրային ծառայողների համար։ Բնակարանների բաշխման և վաճառքի գործառույթներն իրականացնելու է Քաղաքաշինության կոմիտեն, որոշման շահառու կարող են դառնալ այն անձինք, որոնք նախկինում չեն օգտվել պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրերից, հանդիսանում են հանրային ծառայող։ Շահառու կարող են հանդիսանալ նաև ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության աշխատակիցները, օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք, նաև ՊՈԱԿ-երի աշխատակիցներ՝ վարչապետի համաձայնությամբ։
Բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի արժեքը ներքին հարդարմամբ կազմելու է 345 000 դրամ, իսկ առանց ներքին հարդարման՝ 310 000: Ավտոկայանատեղին կարժենա 2,5 միլիոն դրամ, բնակարանների ձեռք բերման կանխավճարը կկազմի 10 տոկոս, գործելու է նաև 4 փուլով արժեքի մարման հնարավորություն։ Բնակարանի հավակնորդները իրենց տվյալները պետք է ուղարկեն Քաղաքաշինության կոմիտե, որից հետո կկայանա վիճակահանություն, և ըստ դրա արդյունքների կբաշխվեն բնակարանները։ Հավակնորդը պետք է իր հայտը կազմելիս նշի գնային այն միջակայքը, որի շրջանակում ցանկանում է ձեռք բերել բնակարան, ապա համակարգը հավակնորդին կառաջարկի դրան համապատասխան տարբերակներ։
Բնակարանային համալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023-ին՝ երկու տրանշով։
Կառուցապատող «ՄԼ մայնինգը» պարբերաբար հայտնվել է մամուլի էջերում։ Ընկերությունը գործունեություն է ծավալում հանքարդյունաբերության և շինարարության ոլորտում, «ՄԼ մայնինգի» բաժնետերերից էր նաև ՀՔԾ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը։
Մկրտիչ Կարապետյան
Civilnet











