

Հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը: Այս որոշման և ՀՀ ավիացիայի ոլորտի համար դրանից բխող խնդիրների մասին ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը զրուցել է ավիացիայի ոլորտի փորձագետ Նավիկ Խաչատրյանի հետ:
- ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնել է ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը՝ երկրում գրանցված բոլոր ավիափոխադրողներով: Ի՞նչ է նշանակում այս որոշումը:
- Սա Հայաստանի համար շատ մեծ խնդիր չէր դառնա, եթե չիմանայի, թե ներկայիս Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ինչ կադրերից է բաղկացած: Ընդհանրապես աուդիտ չանցնելն ընդունված երևույթ է, ուղղակի աուդիտի ու ԵՄ-ից եկած սև թուղթ ռեփորթի գոյությունը նշանակում է, որ Հայաստանի ավիացիային հասցված է մեծ ապտակ: Սա իմիջային մեծ վնաս է, որը նշանակում է՝ համակարգի աշխատակիցներն այնքան թույլ են, որ կոմիտեի նման վերահսկող մարմինը չի կարողանում հաղթահարել այդ աուդիտը: Ես ինքս էլ ժամանակին անցել եմ աուդիտը՝ երեք անգամ «Արմավիա»-ի ժամանակ, խոսքը դրա ծաղկուն ժամանակների մասին է: Այն ժամանակ ավիաընկերությունից թիմ էր աշխատում՝ մոտ վեց-յոթ հոգի: Սա շատ բարդ գործ է, շատ անհասկանալի, ոչ հանրամատչելի տեղեկատվություն է: Բավականին տևական աշխատանք է պահանջում, գրագրություն: Նրանք ուղարկում են հարցեր, դու իրենց պատասխանում ես գրավոր, նախապատրաստվում ես, որ գան աուդիտ անելու, նրանք ֆիքսում են այն ժամանակահատվածը, որ կարող են աուդիտի համար հատկացնել:
- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մեծ վնաս չենք կրի, քանի որ այսպես թե այնպես ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները ներկայացված չեն ԵՄ ավիացիոն շուկայում: Իսկապե՞ս ֆինանսական վնաս չեն կրի ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները:
- ՀՀ-ի Քաղավիացիայի կոմիտեն, լինելով Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICO) անդամ, հանդիսանում է նաև պետական կառույց, և այն պետք է որ կարողանար այդ աուդիտն անցնել: Աուդիտ անցնելը նաև շատ կոնկրետ առարկայական նշանակություն ունի պետության ավիացիայի ոլորտի զարգացման համար: Սա մեկ ուղղությամբ չվերթի կասեցում չէր, այլ ամբողջ երկրի ավիացիոն վարկի մասին էր խոսքը: Սա միայն այն չի, որ, ինչպես ասում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մեծ վնաս չենք կրի, քանի որ այսպես թե այնպես ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները ներկայացված չեն ԵՄ ավիացիոն շուկայում: Աուդիտ անցնելը փաստացի նշանակում է, որ քո երկիրն ունակ է դրսից օդանավեր բերել, այստեղ դրա հիման վրա ստեղծել ավիաընկերություններ, և այդ ավիաընկերությունները թռչեն տարբեր ուղղություններով, այդ թվում՝ եվրոպական երկրներ: Հակառակ պարագայում, որը մեզ մոտ տեղի ունեցավ, ամբողջ աշխարհի ավիացիոն հանրությանը դա ցույց տվեց, որ մենք ի վիճակի չենք վերահսկելու թռիչքային անվտանգությունը, իսկ ավիաընկերությունների ու օդանավերի 70%-ը բաղկացած է անվտանգության խնդիրներից, և միայն 30%-ն է կազմում կոմերցիոն մասը: Ավիացիան միջազգային մակարդակով խիստ կարգավորված ոլորտ է: Երբ երկիրն ունակ չէ 70%-ի վրա վերահսկողություն սահմանել, նշանակում է, որ այն պետք է հայտնվի աֆրիկյան երկրների կողքին: Մյուս կողմից, սա նաև կոնկրետ ֆինանսական վնասներ է պատճառելու ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին, որոնք ամռան ամիսներին զբոսաշրջիկների համար չարտերային թռիչքներ էին կազմակերպում եվրոպական երկրներ՝ Իսպանիա, Խորվաթիա և այլն: Այժմ զրկվել են նման իրավունքից:
- Այսինքն առաջիկայում պետք չէ՞ սպասել լուրջ միջազգային ներդրումներ Հայաստանի ավիացիայի ոլորտում:
- Քաղաքացիական ավիացիայի ոլորտում ներդրումներ կատարում են ինստիտուցիոնալ ներդրողները: Դրանք բանկային, ֆինանսական ինստիտուտներ են, որոնք գումարների են տիրապետում, և եթե դու լուրջ բիզնես պլան ունես քո երկրի ավիաընկերության զարգացման վերաբերյալ և նաև ունես աջակցող, այդ դեպքում բիզնես պլանի հիման վրա նրանք կարող են քո երկրի վարկային կազմակերպություններին գումար տալ: Օրինակ՝ անցած տարի մեզ գումար կարող էին տալ, եթե ազգային փոխադրող ստեղծելու մեր առաջարկը չմերժեր Քաղավիացիայի կոմիտեն: Մենք «Արմէյր» նախաձեռնողների խումբ ձևավորեցինք անմիջապես հեղափոխությունից հետո՝ հուսալով, որ հայրենասիրությունը մենակ մեզ մոտ չի, նաև իշխանության մոտ է, բայց փաստորեն նախորդ տարվա փետրվարի 19-ին կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը մերժեց այդ բիզնես ծրագիրը:
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայկական ավիաընկերություններին Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից զրկելու մասին, ասաց հետևյալը. «Երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության մեջ, զենքերի վաճառքի մեջ, և դա կապ է ունեցել հայաստանյան կոռումպացված շրջանակների հետ»։ Համաձայն վարչապետի հայտարարության՝ ավիաընկերությունները ևս խնդիրներ են ունեցել:
- Ավիացիան դյուրագրգիռ ոլորտ է: Հայաստանում ընկերություն գրանցողներն ու Աֆրիկայում շահագործում իրականացնղները շատ լավ գիտեին, թե խոսքն ինչի մասին է, և հաստատ միջազգաին ուղևորափոխադրումներ կատարելիս այլ պետություններում նման քայլերի չէին գնա: Ոլորտը միջազգային մակարդակում խիստ կանոնակարգած է: Սա ուղղաթիռ չէ, որ մի տեղից բարձրացավ ու մյուս տեղը նստեց: Այլ հարց է, թե ինչու են գնացել երկրից և այլ տեղերում թռիչքներ կատարում․ որովհետև այստեղ նրանց գումար չտվեցին, նրանք էլ ստիպված՝ իրենց օդանավերը տարան Սոմալիում կամ Հարավային Աֆրիկայում աշխատելու: Հետևաբար շատ քիչ հավանական է, որ նրանք որևէ խախտում են թույլ տալիս: Բացի այդ, տեսնում եք վերջին տարիներին Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները:
Ուստի աուդիտ չանցնելը նշանակում է երկրի ավիացիոն վարկին հասցված շառաչուն ապտակ: Այն դառնում է մեր երկրի ավիացիոն ոլորտի նկատմամբ վերաբերմունք դրսևորելու հիմք: Պատահական չէ, որ վաճառքով կամ լիզինգով օդանավեր տրամադրող ընկերությունները՝ վարձատուները, որոնց գլխավոր գրասենյակները գտնվում են Դուբլինում, ստացել են զգուշացում առ այն, որ Հայաստանին օդանավ չտան` ոչ վաճառքով, ոչ լիզինգով, որովհետև նրա կոմիտեն ունակ չէ հսկել թռիչքային անվտանգությունը, որը պարտավոր է՝ ըստ իր կանոնադրության: Սրա մասին չեն խոսում մեր իշխանությունները, հատկապես Տիգրան Ավինյանը: Վերջինս ասում է՝ մի ուղղություն է՝ Լիոնն է, թող չեղյալ հայտարարեն, վերջանա: Յուրաքանչյուր վարձատու ունի ռիսկերի գնահատման բաժին, որը հաշվարկում է ռիսկերը: Եթե պետական կառույցն ունակ չէ հավուր պատշաճի վերահսկել թռիչքային անվտանգությունը, դա նշանակում է այդ երկիր օդանավ ուղարկելը ռիսկային է:
- Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ Եվրամիության «սև ցուցակից» լավագույն դեպքում կկարողանանք դուրս գալ 2,5 տարում:
- Ցավալի է Տաթևիկ Ռևազյանի ասածը: Դա հնարավոր է ավելի շուտ անել, ինչ-որ մեկը ցանկանում է, որ ուշ լինի: Մյուս տարվա աուդիտին կարող ենք մասնակցել: Դա փոշիացնելու է ավիացիոն ոլորտը, դա նշանակում է բնաջնջել հայկական ավիացիան:
Կարդալ ավելին
Պատմություններ

Երեխաների անվտանգությունը մեքենայում. ինչու է կարևոր մանկական աթոռակը

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ
Դիտել ավելին
Civilnet


