Հունիսի 5–ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Վերջինս քննադատել է կառավարությանը, մեղադրել «խոստումները չիրականացնելու» մեջ։ Ծառուկյանի պնդմամբ՝ այսօր մենք «երկիր ենք կորցնում»։
«Այսօրվանից ես պատրաստ եմ ցանկացած առողջ քաղաքական ուժի հետ, անհատի հետ, ՀԿ ղեկավարի, այն անձանց հետ, որոնք մտահոգ են մեր երկրի ապագայի համար, իրենց հետ հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությունները։ Կապ չունի, կլինեն Արցախից, կլինեն Սփյուռքից, կլինեն Հայաստանից, այն մարդիկ, որոնք մտահոգ են այս երկրի ապագայի համար։ Մի բան էլ ասեմ այն քաղաքական ուժը, անհատը, անձը, ՀԿ ղեկավարը, որն ընդունելի չէ ժողովրդի կողմից, մեր կողմից նույնպես ընդունելի չէ»,- ասել է Ծառուկյանը։
Վերջինիս ելույթին անմիջապես արձագանքել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը․ «Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»։
Մանե Գևորգյանի գրառմանն արձագանքել են ԲՀԿ-ի անդամները։ Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը պնդել է, թե վարչապետի խոսնակի տեքստի «իրական հեղինակը պարզապես թաքնվել է նրա թիկունքում»։ ԲՀԿ ներկայացուցչի կարծիքով՝ «իշխանությունն՝ իր խոսնակի շուրթերով, ըստ էության ազդարարում է, որ մտացածին պատրվակներով քրեական հետապնդում կարող է սանձազերծել ցանկացած մեկի դեմ, ով վայելում է հասարակության հարգանքը ու հանդգնում է քննադատել կառավարության կողմից իրականացվող անհեռանկար քաղաքականությունը»։
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Civilnet











