Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով մի շարք պաշտոնանկությունների մասին։
«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է վերոհիշյալ պաշտոնանկությունների վերաբերյալ առաջարկությունները։
Էդուարդ Մարտիրոսյանը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից կատարում էր Ազգային անվտանգության տնօրենի պարտականությունները, այնուհետև 2020թ. մարտի 19-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։ Արտակ Դավթյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 24-ից։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատումը կարող է կապված լինել հունիսի 7-ին տեղի ունեցած նրա որդու հարսանիքի հետ։
***
Հունիսի 7-ին մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատանը արտակարգ դրության պայմաններում անցկացվել է նրա որդու հարսանիքը։ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ «հարցը կուսումնասիրվի, և եթե արտակարգ դրության ռեժիմի որևէ խախտում արձանագրվի, ապա խախտողները պատասխանատվություն կկրեն»։
Հունիսի 8-ին Արտակ Դավթյանը պարզաբանում տարածեց լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ․ «Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:
Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»։
Լուսանկարում՝ Արտակ Դավթյանը և Նիկոլ Փաշինյանը