Դատավոր Դավիթ Բալայանի կողմից քրեական գործը դատական քննության նախապարտաստելու փուլում որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Կայացված որոշմամբ՝ դատարանը հաստատված է համարել այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցված է եղել քրեական գործի հարուցման հետ զուգահեռ, առանց դատավորի անձեռնմխելիության հաղթահարման, ինչն ապօրինի է դարձրել քրեական գործի ընթացքն առհասարակ։
Դատարանը գտել է նաև, որ եթե անգամ դատավորի անձեռնմխելիությունը լիներ հաղթահարված, ապա դատավորին ու նիստերի քարտուղարին առաջադրված մեղադրանքն անորոշ է, իսկ վերագրվող արարքները չեն պարունակում քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները։
Բացի այդ, դատարանը գտել է, որ եթե անգամ այդ հանցակազմի տարրերը ձևականորեն առկա լինեին մեղսագրվող արարքներում, ապա միևնույն է տեղի ունեցածը հանցագործություն չէր կարող համարվել, քանի որ այդ արարքները չեն ներկայացնում հասարակական վտանգավորություն, դրանցով էական վնաս որևէ անձի չի պատճառվել ու չէր էլ կարող պատճառվել»,- գրել է Վարոսյանը։
***
2019թ․ հուլիսին դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել էին, նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Դատախազությունը հայտարարել էր, որ քրեական գործը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու որոշումների հետ։
Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ավարտից հետո գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էր հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Դավիթ Գրիգորյանը այն դատավորն է, որի վարույթում է գտնվել Մարտի 1-ի անջատված գործը։ 2019թ․ մայիսի 16-ին Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ կալանքից ազատեց ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Լուսինե Վարդանյան
Civilnet











