

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոններում նշանակել է հավատարիմ մարդկանց: Ժամանակային առումով երեք ուժայինների նշանակումը համընկնում է նախկին իշխանությունների համախմբման, իշխանափոխություն իրականացնելու մասին շրջանառվող հայտարարությունների հետ:
Ավելին՝ շատերի ուշադրությունը գրավեց այն իրողությունը, որ ինչպես Փաշինյանը, այնպես էլ նոր ոստիկանապետ, 46-ամյա Վահե Ղազարյանը և Գլխավոր շտաբի պետ, 50-ամյա Օնիկ Գասպարյանը ծնվել են Իջևան քաղաքում:
Թավշյա հեղափոխությունից հետո խոսակցություններ կային, որ Գլխավոր շտաբի պետ նշանակվելու է գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, սակայն վերջինիս խանգարել է Իջևանում ծնված լինելու հանգամանքը:
Գասպարյանի դեպքում արդար չի լինի ասել, որ նա հայկական բանակում առանցքային պաշտոն է ստանում իջևանցի լինելու պատճառով, քանի որ նրա առաջընթացը տեղի է ունեցել 2010-2017 թվականների ընթացքում, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանն էր:
Գասպարյանը բառի դրական իմաստով՝ հարգանք և հեղինակություն վայելող զինվորական է: 2010-2012 թվականներին զբաղեցրել է 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի, իսկ 2012-ից՝ հրամանատարի պաշտոնները: 2016-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի, մեկ տարի անց՝ առաջին տեղակալի պաշտոնին:
Փաշինյանը և իր թիմը ժամանակին հայտարարել են, որ քաղաքականության մեջ և պետական կառավարման համակարգում անթույլատրելի է առաջնորդվել տեղային-կլանային մտածողությամբ, ընկեր-բարեկամական կապերով:
Դժվար է ասել՝ չլիներ հայտնի հարսանիքը՝ Արտակ Դավթյանը, Արման Սարգսյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը կազատվե՞ին համապատասխանաբար Գլխավոր շտապի պետի, ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի պաշտոններից, թե՞ ոչ: Գուցե և առիթ էր պետք ուժային կառույցները համալրելու առավել վստահելի մարդկանցով: Հայաստանի իշխանությունները և, առաջին հերթին, Փաշինյանը, քննադատության են ենթարկվում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, հետևաբար այս հարսանիքը չէր կարող ներվել: Հասարակությունը լավ է հիշում արցախյան հայտնի խնջույքն ու հայտնի լուսանկարը, երբ կորոնավիրուսի դեմ պայքարող Հայաստանի բարձրաստիճան ղեկավարությունը, խախտելով հակահամաճարակային կանոնները, Շուշիում նշում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտը:
Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանը մինչև Թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ:
Երկու տարվա ընթացքում Հայաստանն ունենում է երրորդ ոստիկանապետը: Թավշա հեղափոխությունից հետո Վլադիմիր Գասպարյանին փոխարինեց Վալերիյ Օսիպյանը: Վերջինիս պաշտոնանկությունից հետո 2019-ի սեպտեմբերին ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այս տարվա մարտից՝ ոստիկանապետ նշանակվեց Արման Սարգսյանը։
ԱԱԾ նոր տնօրեն, 29-ամյա Արգիշտի Քյարամյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում: Այս տարվա մայիսի սկզբին նա նշանակվել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ՝ ազատվելով Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից: Երկու օրվա ընթացքում Քյարամյանը նախ՝ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, ապա՝ նշանակվեց Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի տեղակալ: Մի քանի ժամ անց նա ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Ակնհայտ էր, որ արագացված այս գործընթացը քաղաքական նպատակներ է հետապնդում, այն է՝ Փաշինյանը Քյարամյանին առաջ է տանում:
Շատ ավելի ուշագրավ էր Քյարամյանի գույքի և ունեցվածքի հայտարարագիրը: 2013-ից բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող Քյարամյանը հայտարարագրել է մեծ գումարներ, որոնք եթե հավատանք նրան, եղել են նվիրատվություններ: Երիտասարդ պաշտոնյան չէր հայտարարագրել բնակարաններից մեկը, քանի որ «մոռացել էր»:
Երկու տարվա ընթացքում Հայաստանն ունենում է ԱԱԾ երրորդ տնօրենը: Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրեն նշանակեց նախ՝ Արթուր Վանեցյանին, որը լրատվամիջոցներին առաջին անգամ հայտնի դարձավ 2016-ի ամռանը՝ «Սասնա ծռեր» խմբի զինված ապստամբության և ՊՊԾ գունդը գրավելու օրերին, երբ երևաց միջնորդ Վիտալի Բալասանյանի կողքին:
Վանեցյանը Թավշյա իշխանությունների ամենասիրելի պաշտոնյան էր, սակայն կարճ ժամանակ անց դարձավ հակահեղափոխական, ազատվեց աշխատանքից, ստեղծեց կուսակցություն և այժմ պայքարում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:
Վանեցյանից հետո ԱԱԾ տնօրեն նշանակվեց Էդուարդ Մարտիրոսյանը, նախ՝ պաշտոնակատար 2019-ի սեպտեմբերից, ապա այս տարվա մարտի 19-ից՝տնօրեն: Քյարամյանը ոչ միայն ամենաերիտասարդ ԱԱԾ տնօրենն է Հայաստանի պատմության մեջ, այլև առաջինը, որ կապ չունի ռուսական ԿԳԲ-ի, առավել ևս՝ ՊԱԿ-ի հետ:
Նիկոլ Փաշինյանը հավատարիմ ուժայիններ է փնտրում։ Ոչ միայն ուժային կառույցներում, այլ նախարարություններում պաշտոնյաների՝ մեկը մյուսին հետևող արագ փոփոխությունները հիշեցնում են Վարդերի հեղափոխությունը Վրաստանում: Միխեիլ Սաակաշվիլին իր պաշտոնավարման տարիներին տասնյակ նախարարներ ու փոխնախարարներ է նշանակել-ազատել:
Կարդալ ավելին
Պատմություններ

Երեխաների անվտանգությունը մեքենայում. ինչու է կարևոր մանկական աթոռակը

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ
Դիտել ավելին
Թաթուլ Հակոբյան


