Ալեքսանդր Գրիգորյան, տնտեսագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս
Մինչև թավշյա հեղափոխությունը մենք գործ ունեինք վերջնականապես ձևավորված, լավ հղկված քաղաքական էլիտայի և դրա ճյուղավորումների հետ:
Քաղաքական էլիտան հետխորհրդային երկրներում դրսևորվում է քաղաքական խմբակի տեսքով. էլիտայի անդամների թիվը սովորաբար սահմանափակ է, և յուրաքանչյուր անդամ ունի խիստ մեծ կշիռ: Ճյուղավորումնեը նրբորեն հյուսված են, և պատահական մուտքեր դեպի ենթա-էլիտաներ գրեթե բացառված են: Դրանք, մասնավորապես սնուցվում են ակադեմիական կառույցներից, և հաջողակ դասախոսների սերունդները, ովքեր բախտ են ունեցել ուսուցանել էլիտայի ժառանգներին, հաջողությամբ միանում էին էլիտային և սրընթաց բարձրանում աստիճաններով: Թեկնածուկանը գալիս էր ինքնըստինքյան: Եվ կային «անտերներ», որոնք, պայքարելով զուտ ակադեմիական գործիքներով, փորձում էին իրենց տեղը գտնել քիչ թե շատ կայացած պետական և մասնավոր ինստիտուտներում: Ոմանք զզված թողնում-գնում էին Հայաստանից, ոմանք էլ հաշտվում իրենց «անտեր» ստատուսի հետ:
Շատ քչերը շարունակում էին պայքարել, բայց աշխարհը փոխել գրեթե անհնարին է, քանի որ այն կառուցվել է երեսուն երկար ու ձիգ տարիների ընթացքում: Սակայն պարզվում է, որ աշխարհը միգուցեև հնարավոր է փոխել:
Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո
Ի՞նչ է փոխվել հեղափոխությունից հետո․ ակադեմիական աշխարհում`գրեթե ոչինչ: Որովհետև առանձնապես նոր գիտնականներ չեն հայտնվել: Հին կապերը ավելի են ամրանում, քանի որ այս «անորոշ» ժամանակահատվածում պետք է ավելի ամուր լինել և ավելի շատ ապավինել փորձություն անցած հյուսքերին:
Գերդաստանային հիշողությունը շարունակում է հրաշքներ գործել: Որովհետև ակադեմիայում մարդիկ չեն փոխվել, իսկ այդ մարդկանց գերակշիռ մասը ո՛չ նախկինում և առավել ևս ո՛չ այժմ գիտության հետ առնչություն չեն ունեցել, չնայած իրենց բարձրագոչ կոչումներին: Մեծ հաշվով, ակադեմիական ոլորտը շարունակում է մնալ բյորոկրատական՝ որոշ համալսարաններում ստանալով առավել հետաքրքիր դրսևերումներ: Նախկին դասախոսական-գերդաստանային կապերը շարունակում են գերակա դիրք ունենալ իրական գիտության և դրանով զբաղվողների հանդեպ: Իսկ իրական գիտությունը ճշարտության փնտրտուքի մասին է:
Ի՞նչ կարող ենք անել ապագայի համար
Պայքարել, որ նոր էլիտաներ չձևավորվեն: Իշխանությունը վերածվում է էլիտայի, եթե տիրապետում է ֆինանսական և մարդկային կապիտալի: Իշխանական էլիտայի հիմնական խնդիրը սահուն վերարտադրությունն է:
Ակադեմիական ոլորտը կարևոր է այս առումով: Եթե գիտությունը երկրում իրական է, այն խնդիրներ է առաջացնելու էլիտայի ձևավորման և հետագա վերարտադրության համար: Այսինքն, էլիտայի նկրտումներ ունեցող իշխանությունը չի կարող հետաքրքրված լինել առողջ ակադեմիայի ձևավորմամբ: Ավելի հեշտ ճանապարհ է ակադեմիան ենթարկել կոսմետիկ փոփոխությունների` հարմարացնելով ընթացիկ և երկարաժամկետ շահերին:
Գիտության ներկայացուցիչները պետք է ակտիվ լինեն և բարձրաձայնեն խնդիրների մասին: Անտերության զգացումը պետք է զիջի երկրին տեր կանգնելու գիտակցությանը:
Այո՛, ինստիտուտները շարունակում են քարացած մնալ, բայց գիտական պրոֆիլով և արդյունքներով կարելի է ներկայանալ հանրությանը և խոսքը դարձնել լսելի: Սա է ակադեմիական աշխարհի ազատականացման ճանապարհը: Հայաստանում յուրաքանչյուր գիտնական պետք է գիտակցի, որ ազատ է իր տեսակետը արտահայտելու համար, և դա է պահանջում իր ընտրած (այն է` գիտության) ճանապարհը: Իսկական գիտնականները պետք է գտնեն իրար և երկխոսություն ծավալեն: Այն կարող է վերածվել գիտական, գաղափարական համագործակցության, որը կունենա իրական ազդեցություն:
Գիտության ոլորտում փոփոխությունները պետք է անեն գիտնականները, մարդիկ որոնք կանոնավոր զբաղվում են գիտությամբ, այն է՝ անընդհատ ճշմարտության փնտրտուքի մեջ են: Եվ այստեղ ավանդական դասախոսական-գերդաստանային մետաստազները կփշրվեն:
Civilnet











