Գլխավոր դատախազությունը մանրամասներ է ներկայացրել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում չարաշահումների քրեական գործից։ Դատախազությունը հայտնել է, որ բացահայտվել են պաշտոնեական և տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:
Քրեական հետապնդում է սկսվել 29 անձի նկատմամբ, պետությանը պատճառված վնասի չափն այս պահին կազմել է 4,2 միլիարդ դրամ։
Ըստ հաղորդագրության՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհի կառուցմամբ զբաղվող չինական «Սինոհիդրո քորփորեյշն»-ի հայաստանյան ներկայացուցչության և «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին պատկանող «Սթոնս» ՍՊԸ-ի միջև հարկային պարտավորությունները նվազեցնելու համար կնքվել են ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր՝ այդ ընթացքում «Սթոնս»-ին փոխանցելով ավելի քան 1,1 միլիարդ դրամի գումար, ապա Սեդրակ Առուստամյանի ենթակաները այդ գումարը կանխիկացրել են, ձևակերպել որպես շահաբաժին և փոխանցել Առուստամյանին։
«Միայն նկարագրված առերևույթ ապօրինի գործարքների արդյունքում, քննության ներկա փուլում բացահայտվել է պետությանը պատճառված ընդհանուր առմամբ 2 729 457 229 ՀՀ դրամ գումարի առանձնապես խոշոր չափերի վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Ս.Ա-ին, վերջինիս հետ հանցակցած չորս աշխատակիցներին, Չինական կապալառու կազմակերպության երեք աշխատակիցներին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, կեղծ ձեռնարկատիրության և փողերի լվացման համար»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։
Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին Առուստամյանը վերականգնել է 1 միլիարդ դրամ։
Աղբյուրը՝ ՀՀ դատախազություն
Civilnet











