Խորհրդային Հայաստանում վարչական շրջանները ձևավորվել են 1937 թվականի հունվարին, երբ արդեն Անդրֆեդերացիան (Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, մայրաքաղաքը՝ Թիֆլիս) լուծարվել էր, իսկ երեք հանրապետությունները` որպես առանձին միավորներ, մաս կազմեցին ԽՍՀՄ-ին:
Նոյեմբերյանի շրջանը ձևավորվել է նախկին Իջևանի և Ալավերդու գավառների գյուղերից: Շրջկենտրոն ընտրվեց Բարանա գյուղը՝ վերանվանվելով Նոյեմբերյան: Շրջանի բոլոր գյուղերը գտնվում էին և են Վրաստանի ու Ադրբեջանի սահմանից և ադրբեջանական գյուղերից առավելագույնը 4-5 կիլոմետր հեռավորության վրա:
Մայիսից մինչև հոկտեմբեր անասուններին տեղափոխում էին Գուգարաց լեռնաշղթայի անտառապատ լանջեր ու բարձրադիր ալպյան մարգագետնային հատվածներ, որտեղ ամռան ամիսներին կա առատ բուսականություն: Խորհրդային տարիներին այս սարերից էին օգտվում նաև Ադրբեջանի Ղազախի շրջանի գյուղերի անասնապահները:
Անասնապահությամբ զբաղվող գյուղերից յուրաքանչյուրն ուներ իր սարը, որտեղ կառուցում էին ցածր փայտե տնակներ: Ժամանակի ընթացքում ոչ միայն անասնապահները սկսեցին տարվա գրեթե կեսը անցկացնել Գուգարաց լեռնաշղթայի փեշերին, այլ առանձին ընտանիքներ: Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին՝ դպրոցական արձակուրդի օրերին, երեխաները տատիկ-պապիկների հետ անց էին կացնում սարերում:
Ես նույնպես դպրոցական տարիներին մի քանի ամառ անց եմ կացրել սարերում: Վերջին անգամ այս տեղերում եղել էի 1987-ին՝ 33 տարի առաջ: Հունիսյան այս օրերին, երբ կանաչն ամենաառատն է, ինձ տարան դեպի դպրոցական հիշողություններ:
Լուսանկարները, որ արվել են, Գուգարաց լեռներում են, որոնք վարչականորեն այսօրվա Տավուշի և Լոռվա մարզերում են: Ամենաբարձր գագաթը Դժարսարն է, որն ունի 2 244 մետր բարձրություն:
Գագարաց լեռներն ու անտառները ներշնչել են ամենայն հայոց բանաստեղծին՝ Հովհաննես Թումանյանին: «Անուշ»-ի Չորրորդ երգում նա այսպես է նկարագրում Դժարսարը կամ Չաթինդաղը.
Ամպերը դանդաղ ուղտերի նման՝
Նոր են ջուր խըմած ձորից բարձրանում.
Քարոտ թիկունքից Չաթինդաղ լերան
Նոր է արևը պըռունգը հանում։
Մեր, ինչպես նաև Կողբի ու Հաղպատի գյուղերի սարերը, Չաթինդաղն էր:
Մի քանի տեղեկություններ տանք Գուգարաց լեռնաշղթայի մասին, օգտվելով «Արմջեո»-ի կայքից:
Գուգարաց լեռնաշղթան ձգվում է տափաստանային բուսականությանբ ծածկված Պապաքարի (գտնվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունում) լեռնաշղթայից մինչև Բազումի՝ Բովաքար զանգված: Լեռնաշղթան միջին բարձրության է, առավելագույն բարձրության հասնում է կենտրոնական մասում՝ Դժարսար գագաթում: Դեպի Դեբեդի հովիտ է իջնում Սևորդյաց լեռնաբազուկը, որն ունի խիստ թեք լանջեր: Դեպի հյուսիս-արևելք իջնում են Ոսկեպարի և Մթնասարի լեռնաբազուկները, որոնք միմյանցից առանձնացնում են Ոսկեպար, Մթնաձոր և Հաղարծին գետակները:
Գուգարաց լեռնաշղթայի հարավային մասից սկսվում և մինչև Իջևան է ձգվում Հովքի կամ Իջևանի լեռները, որոնք մասնատված են մի շարք սողանքներով:
Սրբասար լեռան գագաթից, որը գրեթե 2 000 մետր բարձրություն ունի, հրաշալի տեսարան է բացվում դեպի Իջևանի, Նոյեմբերյանի և Ալավերդու շրջաններ, ինչպես նաև՝ դեպի Քռի հովիտ՝ Վրաստան ու Ադրբեջան:
Տեքստը և լուսանկարները՝ Թաթուլ Հակոբյանի
Թաթուլ Հակոբյան











