Գլխավոր Լրահոս

Արցախը չպետք է կարևորություն տա Ադրբեջանի պատգամավոր Գյանջալիևին

Արցախը չպետք է կարևորություն տա Ադրբեջանի պատգամավոր Գյանջալիևին

Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն ընդունել է «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» կազմակերպության ղեկավար Թուրալ Գյանջալիևին:

Ավելի վաղ՝ հունիսի 9-ին, մի քանի տասնյակ իրանցիներ Թեհրանում Հայաստանի դեսպանության դիմաց բողոքել էին Հայաստան-Իսրայել հարաբերությունների խորացման դեմ և Երևանից պահանջել թշնամական դիրքորոշում ընդունել Թել Ավիվի նկատմամբ: Ցուցարարները հրկիզել էին Իսրայելի դրոշը, Հայաստանից պահանջել խզել դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ:

Այս երկու իրադարձությունները, անկասկած, նույն օղակի երկու շղթաներն են, և չի բացառվում նմանօրինակ այլ գործողություններ, քանի դեռ Իրանը չի հաշտվել այն իրողության հետ, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է բացել դեսպանություն որևէ երկրում, այդ թվում՝ Իսրայելում:

Անշուշտ, Թուրալ Գյանջալիևը և նրա նախորդները 1992-ից ի վեր բազմաթիվ անգամ  հանդիպել են Բաքվում հավատարմագրված դեսպանների հետ, նրանցից Նիզամի Բահմանովը 1992-1997 թթ․ Ադրբեջանի պատվիրակության կազմում մասնակցել է ղարաբաղյան բանակցային գործընթացի փուլերին:

Գյանջալիևին կարևորություն տալով հենց այս պահին՝ Իրանը փորձում է հավելյալ ճնշում բանեցնել Հայաստանի վրա, որպեսզի վերջինս հետ կանգնի կատարված փաստից և դեսպանատուն չբացի Թել Ավիվում: Երևանում Իսրայելի դեսպանություն բացելը ժամանակի խնդիր է միայն, որին ևս Թեհրանը, անկասկած, կոշտ է արձագանքելու:

Հայաստանը, սակայն, չպետք է Իրանի կողմից հնարավոր որևէ ոչ բարեկամական քայլի հակադարձի: Սա այն դեպքն է, որ արժե լռելյայն անցնել՝ հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների խորքն ու կարևորությունը: Նույնպես, լռությամբ պետք է բացել դեսպանատները Թել Ավիվում և Երևանում:

Նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին: Լինի Գյանջալիևի հետ ցուցադրական հանդիպում, որևէ անդրբեջանանպաստ հայտարարություն կամ գործողություն, չարժե կարևորություն տալ, քանի դեռ դրանք չեն վտանգում հայկական շահերը:

Իրանը, ինչպես հայտնի է, Արաքսի վրա ավարտին է հասցրել Խոդաֆարինի (պարսկերենից թարգմանաբար՝ Աստծու տված) ջրամբարի և հէկի շինարարությունը: Սա Իրանի և Արցախի միջև յուրատեսակ համագործակցության օրինակ է: Չճանաչելով Արցախն ու բազմիցս դատապարտելով «հայկական օկուպացիան»՝ Թեհրանը կարողացավ ավարտին հասցնել այդ նախագիծը, որն սկսվել էր դեռ ԽՍՀՄ-Իրան ժամանակներում: Երբ մեկնարկեց նախագիծը, այս տարածքը խորհրդային էր: 1991-ին այն դարձավ ադրբեջանական, իսկ 1993-ի աշնանից հայկական վերահսկողության տակ է: 1990-ականների վերջերից, չնայած Բաքվի կոշտ հայտարարություններին, Իրանը Արցախի մերձարաքսյա տարածքում իրականացրեց ենթակառուցվածքային խոշոր շինարարություն:

Ընդհանրապես, Հայաստանի և Արցախի իշխանությունները չպետք է կարևորություն տան «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» կազմակերպության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյանջալիևի գործունեությանը: Գյանջալիևի ու նրա ղեկավարած կազմակերպության հետ գուցե հարաբերվի (նկատի ունենք հայտարարություններին արձագանքելը) հայկական համապատասխան կառույցը, որն այս պահին կարծես ձևավորված չէ:

Ադրբեջանը «Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք» կազմակերպությունը կրկին կարևորեց և նրա ղեկավար նշանակեց փարձառու դիվանագետ Թուրալ Գյանջալիևին այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները առաջնահերթ համարեցին բանակցային գործընթացին Արցախի մասնակցությունը:

Բաքուն, ինչպես 1992-1997 թթ., այնպես էլ այսօր, ըստ էության դեմ չէ Ստեփանակերտի իշխանությունների ներգրավմանը բանակցություններում՝ պայմանով, որ, իրենց խոսքերով՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» ևս ներգրավվի, այսինքն՝ Ղարաբաղը ներկայանա երկհամայնք միավոր:

Սա, ինչպես 1992-1997 թթ., այնպես էլ այսօր, անընդունելի է հայկական կողմերի համար:

Թաթուլ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում