Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ այսօր հավաքվել էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները՝ պահանջելով դադարեցնել վերջինիս նկատմամբ գործողությունները։ Առավոտյան ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Ծառուկյանի առանձնատանը, նա հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության։
Երևանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հավաքի վայրից մարդկանց բերման ենթարկելուն՝ նշել է, որ արտակարգ դրության ընթացքում հավաքներ իրականացնել չի թույլատրվում:
«Ամեն բերման ենթարկելուց քաղաքացիներին հորդորում ենք դադարեցնել հավաքը և գնալ, ողջամիտ ժամանակ ենք տալիս, որպեսզի հեռանան։ Ոստիկանության նպատակը բերման ենթարկելը չէ։ Սա հանդիսանում է հավաքի վայր, խնդրում ենք, հորդորում ենք, որ գնան»,- ասել է Խուդինյանը:
Civilnet











