«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է իր նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը՝ այն որակելով «քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում»։
«Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի», - հարց է հնչեցրել Ծառուկյանն ու ինքն էլ պատասխանել. «Պատասխանը շատ պարզ է։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։ Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ»։
Ծառուկյանի գնահատմամբ՝ իր դեմ իրավապահների արշավը, քրեական գործերի հարուցումը սկսվեց օրեր առաջ՝ «իր հայտնի ելույթից հետո»։
«Անկեղծ ասած՝ ինձ համար դա սպասելի էր։ Բայց հոգուս խորքում ես ունեի մի թույլ հույս, թե իշխանությունը իմ ելույթում հնչեցրած խնդիրները կընկալի որպես ահազանգ, կընկալի որպես երկրի տնտեսական վիճակից քաջատեղյակ մարդու զգուշացում, կընդունի իր ակնհայտ սխալները և կփորձի բոլոր ուժերի համախմբմամբ գտնել լուծումներ», - նկատում է Ծառուկյանը։
Նա շնորհակալություն է հայտնում քաղաքական և հանրային շրջանակներից հնչեցված աջակցության բոլոր ուղերձների համար։
«Սա իմ մասնավոր խնդիրը չէ. սա մեր բոլորի ընտրությունն է։ Ընտրությունը պարզ է. գնալ երկրի խնդիրները գրագետ և համատեղ ուժերով լուծելու ճանապարհով, կամ գնալ այդ խնդիրների մասին խոսողներին ահաբեկելու ճանապարհով։ Իմ ընտրությունը ես արդեն իսկ արել եմ։ Դատելով զարգացումներից՝ շատերն են արել նույն ընտրությունը։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի», - ասված է նրա հայտարարության մեջ։
Ծառուկյանը նաև դիմում է քաղաքացիներին. «Մի՛ ընկճվեք, մի՛ հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար»։
«Ես այսօր ունեմ ընդամենը մեկ ցանկություն. Ես ուզում եմ, որ մեր երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ։ Վերջապես մեր երկիրը պետք է հանդարտվի։
Սիրելի՛ հայրենակիցներ, վերջում ուզում եմ բոլորիդ խնդրել, որպեսզի բոլորս պահպանենք մեր վստահությունը, կամքը, ու նաև խնդրում եմ միշտ, ամեն պարագայում, պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, ձեր առողջությունն ինձ համար ամեն ինչից վեր է», - ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ:
Civilnet











