Հունիսի 15-ին ՍիվիլՆեթը քննարկում էր կազմակերպել «Համավարակը և տեղեկատՎարակը» խորագրով, որի ընթացքում խոսվեց կորոնավիրուսի համավարակի օրերին հանրության շրջանում տարածվող տեղեկատվության ու ապատեղեկատվության, կեղծ լուրերի, դավադրությունների տեսությունների մասին: Քննարկման բանախոսներն էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Քննարկումը կազմակերպվել էր Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ։
Խոսելով ապատեղեկատվության տարածման մասին՝ Գայանե Աբրահամյանը նշեց, որ սա Covid-19 համավարակի դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկն է, որը ոչ միայն Հայաստանում է, այլ ամբողջ աշխարհհում: Ըստ Աբրահամյանի՝ հստակ է, որ սա «համաշխարհային պանդեմիային զուգահեռ ինֆոդեմիա է»:
«Ես ուզում եմ շեշտել, որ Հայաստանը առավել խոցելի է այս տեսանկյունից, որովհետև, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ մեր հասարակությունը մեդիագրագիտության ոչ այնքան զարգացած մակարդակ ունի և շատ ավելի խոցելի է ցանկացած ապատեղեկատվության առումով, բայց եթե հիմնականում աշխարհում որոշակի ուղղություններով են տարածվում այդ ապատեղեկատվական հոսքերը, ապա Հայաստանում մենք ունենք նաև տեղական ապատեղակտվություններ տարածողների մի ողջ խումբ: Հայաստանում, հստակ է, որ տարվող այս ապատեղեկատվությունը խնդիր ունի նաև քաղաքական որոշ նպատակներ լուծելու»:
Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ կորոնավիրուսի շնորհիվ շատ խնդիրներ բացահայտվեցին:
«Խնդիրներից մեկն այն է, որ պարզվեց՝ ոչ թե ապատեղեկատվության աղբյուրներ կան,- բոլորս էլ լավ տեսնում ենք, որ կան ապատեղեկատվության ֆաբրիկաներ, որոնք և՛ միջազգային բնույթ ունեն, և՛ ներքաղաքական,- նաև տնտեսական ոլորտում է այս ամենը աշխատում: Բայց խնդիրը նաև այն է, որ, այսպես ասած, լեգիտիմ աղբյուրները, որոնք վստահելի աղբյուրներ են, դրանց հետ էլ խնդիր կա»:
Որպես օրինակ Սամվել Մարտիրոսյանն նշեց այն, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածում էր այնպիսի նյութեր, որոնց համար Ֆեյսբուքից զգուշացում էր ստանում: «Այստեղ կա պրոբլեմ, և երբ որ շատ հաճախ մարդկանց մենք մեղադրում ենք՝ հերիք է՝ տարածեք ապատեղեկատվություն, մտածե՛ք, մեդիագրագետ եղե՛ք, բայց ի՞նչ անես, երբ «բառադիություն» է տիրում ներքևից մինչև վերև: Չկա աղբյուր, որին կարելի է անվերապահորեն վստահել»:
Ըստ Մարտիրոսյանի՝ այսօր սոցցանցերի կողմից տեղեկատվությունը շատ արագ է տարածվում, որը թույլ է տալիս ապատեղեկատվության տարածում ու նաև բերում է նրան, որ այն աղբյուրները, որոնք պետք է վստահելի լինեին, սկսում են գեներացնել տեղեկատվություն:
«Մենք շատ դեպքերում ապատեղեկատվությունը խառնում ենք տարբեր վարկածների հետ, որովհետև պարզ է՝ եթե գործ ունես մի նոր ու անծանոթ երևույթի հետ, ապա դա բացատրելու համար կարող են լինել տարբեր տեսակետներ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:
Համաձայնելով Սամվել Մարտիրոսյանի հետ՝ Նավասարդյանը ևս փաստեց, որ այն կառույցները, որոնք պետք է անվերապահ վստահություն առաջացնեին, շատ հաճախ ոչ գիտակցաբար ապատեղեկատվություն են տարածում:
«Շատ կարևոր է, որ այս ամենին մեծ պատասխանատվությամբ մոտենան լրատվամիջոցները, երբեք չմտածեն, որ իրենք կամ իրենց հետևում կանգնած քաղաքական ուժերը տիրապետում են բացարձակ ճշմարտության»:
Հարցին, թե որն է նպատակը ստեղծելու առողջապահական խնդիրներ, և արդյոք սա քաղաքական նպատակներ ունի, Գայանե Աբրահամյանն ասաց․ «Հստակ է, որ որոշակի միտում ունեցող ապատեղեկատվություն է տարածվում, իսկ հայաստանյան միջավայրում հեշտ է նաև հասկանալը, թե ինչ հեռահար նպատակներ ունեն դրանք»:
«Տեսնում էի, որ հիմնական նպատակն է Հայաստանը գցել այնպիսի իրավիճակի, առողջապահական համակարգի կոլապսի հասցնել՝ բավական լուրջ թվերի միջոցով, որպեսզի և՛ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ առողջապահական առումով Հայաստանը լուրջ ճգնաճամային վիճակում հայտնվի: Եվ տեսանք, թե հետո ինչ պահանջներ են դրվում կառավարության առաջ, որ դուք տապալել եք, դուք ձախողել եք ամբողջ գործընթացը»:
Հարցին, թե ինչպես պետք է ընտրել տեղեկատվական աղբյուրներ, որոնց միջոցով կարելի է ստանալ ճշգրիտ տեղեկատվությունը՝ Բորիս Նավասարդյանը նշեց, որ կան մեդիագրագիտության որոշակի կանոններ, որոնց պետք է հետևել, օրինակ՝ նախքան տեղեկատվությանը վստահելը, պետք է հաշվի առնել՝ որքան է հեղինակավոր աղբյուրը, հասկանալ՝ արդյոք դա այն լրատվամիջոցն է, որը միշտ փորձել է ունենալ կայուն լսարան ու ունի որոշակի պարտավորություններ լսարանի հանդեպ:
Թեմայի վերաբերյալ դիտեք նաև տեսանյութը․
Գեղեցիկ Ոսկանյան
Civilnet











