Գլխավոր Լրահոս

Իմ քայլի «Ծառուկյանները»

Իմ քայլի «Ծառուկյանները»

Հունիսի 16-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդություններին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և քրեական մեղադրանք առաջադրելու մասին:

Հայաստանի 30-ամյա պառլամենտարիզմի պատմության մեջ սա առնվազն ութերորդ դեպքն է, երբ պատգամավորը իր գործընկերների կողմից զրկվում է ազատությունից: 

Երեկվա քվեարկությանը մասնակցեցին միայն իշխանական «Իմ քայլի» պատգամավորները, իսկ ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» չմասնակցեցին՝ տեղի ունեցողը համարելով քաղաքական ֆարս:

Ինտրիգ չեղավ: «Իմ քայլի» 88 պատգամավորներից մասնակցեցին 86-ը և բոլորն էլ կողմ քվեարկեցին: 87-րդ կողմը անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էր, որը պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան»-ից, սակայն հեռացել է: 

«Իմ քայլ»-ից խորհրդարանում ներկա չէին երկու պատգամավոր՝ Երկրապահի ղեկավար Սասուն Միքայելյանը և նախկին լրագրող Թագուհի Թովմասյանը: Նրանցից ոչ մեկը դեռ չի մեկնաբանել, թե ինչու ներկա չէր երեկվա քվեարկությանը: 

Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն կողմ քվեարկեցին երեք իմքայլականներ, որոնցից երկուսը եղել են նվիրյալ ԲՀԿ-ական, երրորդը՝ առատորեն օգտվել է Ծառուկյանի դրամական և այլ շռայլությունից: 

Հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, թեև չի եղել ԲՀԿ անդամ, սակայն եղել է Ծառուկյանի սիրելիներից մինչև 2018-ի հեղափոխությունը: Գյումրեցի ըմբիշը նախքան «Իմ քայլի» ցուցակով պատգամավոր ընտրվելը դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիադայի արծաթե մեդալակիր:

Նախկին ԲՀԿ-ական Վիկտոր Ենգիբարյանը, որ նաև եղել է Ծառուկյանի խորհրդական, ԱԺ պաշտոնական կայքում դրված կենսագրության մեջ ջնջել է ԲՀԿ-ական անցյալը և շատ անմեղ բառ օգտագործել՝ անկուսակցական: 

Պաշտոնական կենսագրությունը ԲՀԿ-ական անցյալից նույն կերպ է մաքրել նաև նախկին ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: Նա, ինչպես և Ենգիբարյանը, ընտրվել են իշխանական «Իմ քայլի» ցուցակով: Մամուլը գրել է, որ Համբարձումյանը ԱԺ ԲՀԿ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ընտանիքի հետ ՀԷԿ է շահագործում:

«Իմ քայլի» նախընտրական ցուցակը կազմել է Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության խումբը՝ այսօրվա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Իշխանական այս խմբակցությունը կազմված է առնվազն չորս խմբավորումներից (պայմանական) և ավելի փոքր խմբերից, ինչպես օրինակ՝ Սասուն Միքայելյան - Թագուհի Թովմասյան «խումբն» է, որը չմասնակցեց երեկվա նիստին:

Թաթուլ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում