Գլխավոր Լրահոս

ԱՆ դիտարկում է արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար սահմանված դեղեր տրամադրելու հնարավորությունը

ԱՆ դիտարկում է արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար սահմանված դեղեր տրամադրելու հնարավորությունը

Առողջապահության նախարարությունը դիտարկում է COVID-19 ախտորոշված, սակայն տնային պայմաններում բուժում ստացող պացիենտների թոքաբորբի բուժման համար սահմանված դեղերը տրամադրելու հնարավորությունը․ ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Նա պարզաբանեց՝ ինչ դեղորայք է հասանելի COVID-19 ախտորոշված, սակայն տնային պայմաններում բուժումն ստացող պացիենտներին:

«Առողջապահության նախարարությունը ներկայում դիտարկում է առողջության առաջնային պահպանման հաստատություններին հաստատված ուղեցույցով արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար սահմանված դեղեր տրամադրելու հնարավորությունը»,- նշեց Նիկողոսյանը։

Ըստ առողջապահության նախարարության հրամանի՝ մեծահասակներին, որոնք չունեն ուղեկցող հիվանդություններ կամ չունեն ռիսկ հակաբիոտիկակայունության առաջացման, ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տրվում առաջնային հասանելիության հակաբիոտիկ՝ ամօքսիցիլին կամ դօքսիցիկլին, կամ մշտադիտարկվող հակաբիոտիկ՝ մակրոլիդ ազիթրոմիցին կամ կլարիթրոմիցին:

Մեծահասակներին, որոնք ունեն ուղեկցող հիվանդություններ (քրոնիկ սրտանոթային հիվանդություն, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, ճարպակալում, քրոնիկ շնչառական հիվանդություն, իմունոդեֆիցիտային վիճակներ, քաղցկեղ և քրոնիկ երիկամային անբավարարություն, ալկոհոլիզմ, թմրամոլություն, թերսնուցում, ասպլենիա) ամբուլատոր պայմաններում արտահիվանդանոցային թոքաբորբի բուժման համար խորհուրդ է տրվում համակցված թերապիա կամ մոնոթերապիա: Համակցված թերապիան ներառում է առաջնային հասանելիության հակաբիոտիկ՝ Ամօքսիցիլին+քլավուլանաթթու կամ ամոքսիցիլին+քլավուլանաթթու, կամ մակրոլիդ ազիթրոմիցին, կլարիթրոմիցին, կամ դօքսիցիկլին, կամ մոնոթերապիա շնչառական ֆտորխինոլոն լևոֆլոքսացին, մոքսիֆլոքսացին:

Առողջապահության նախարարի հրամանով հաստատված COVID-19 պացիենտների և պացիենտների հետ սերտ շփվածների տնային պայմաններում բժշկական հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից` ամենօրյա հեռախոսազանգերի միջոցով: Վերջինների մոտ ախտանիշներ ի հայտ գալու դեպքում, ելնելով գանգատներից, ԱԱՊ բժշկի կողմից իրականացվում է տնային այց` տեղում գնահատելու պացիենտի կամ պացիենտի հետ սերտ շփվածի (կոնտակտավորի) առողջական վիճակը:

Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծավալների շրջանակներում իրականացվում են լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, այդ թվում՝ արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով, արյան կենսաքիմիական հետազոտություն (գլյուկոզա, ալանինամինոտրանսֆերազ, ասպարտատամինոտրանսֆերազ, կրեատինին, պրոթրոմբինային ժամանակ/ինդեքս), թոքերի ռենտգենաբանական հետազոտություն։

#ՍիվիլՆեթ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում