Գլխավոր Լրահոս

ԲՀԿ-ն դիմելու է ՍԴ, ԼՀԿ-ն պատասխան առաջարկ է անում, «Իմ քայլը» գնահատում է «գերազանց»

ԲՀԿ-ն դիմելու է ՍԴ, ԼՀԿ-ն պատասխան առաջարկ է անում, «Իմ քայլը» գնահատում է «գերազանց»

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդես է գալու Սահմանադրական դատարան դիմելու և ԱԺ քննիչ հանձաժողով ստեղծելու նախաձեռնություններով: Այդ մասին այսօր՝ հունիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով` նախաձեռնություններից առաջինը վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծմանը: «Երկրորդը վերաբերում է արտակարգ դրության պայմաններում հավաքների կազմակերպման հետ կապված որոշման իրավաչափությունը Սահմանադրական դատարանում վիճարկելուն, որի վերաբերյալ դիմելու ենք նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը՝ միանալու մեզ, որպեսզի անհրաժեշտ թվով ստորագրություններ ապահովվեն», - ասել է Տոնոյանը:

Համաձայն օրենսդրության՝ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: 

««Բարգավաճ Հայաստանը» 25 պատգամավոր ունի, սակայն Սահմանադրական դատարան դիմելու համար հարկավոր է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար՝ 33: Սա նշանակում է, որ ԼՀԿ-ի ձայները անհրաժեշտ կլինեն՝ այս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար», - նշել է Տոնոյանը:

«Լուսավոր Հայաստանը», սակայն, հանդես է գալիս պատասխան առաջարկով: ԼՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշել է, որ ՍԴ դիմելուց առաջ ընդդիմադիր ուժերը կարող են նախաձեռնել արտակարգ դրության իրավական ռեժիմի որևէ միջոցառում անվավեր ճանաչելու նախաձեռնություն: Նման նախաձեռնություն, պատգամավորի խոսքով, ԱԺ-ում չի եղել: Նա առաջարկում է ստորագրություններով նիստ հրավիրել և այդ հարցը դնել: «Եթե ԲՀԿ-ն ցանկանա, մենք կարող ենք դա անել», - ասել է Մարուքյանը:

Նա չի բացառել ՍԴ դիմելու նախաձեռնությանը միանալու հնարավորությունը, սակայն առկա գործիքակազմի կիրառումից ու սպառումից հետո:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը «գերազանց է գնահատում» ԲՀԿ-ի այդ երկու նախաձեռնությունները: ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու դեպքում կկարողանան քննել նաև այն լուրերը, որոնք տարածում են «ԲՀԿ-ին մերձ խմբերը, որ իբր կորոնավիրուսը գոյություն չունի, որ դիմակ կրել ընդհանրապես պետք չի»: Նա նաև նկատեց՝ կան պատգամավորներ նույնիսկ, որ դիմակ չեն կրում:

«Մենք պետք է ուսումնասիրենք և հասկանանք՝ այդ լուրերն արդյոք միտումնավո՞ր են տարածվում, ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում: Դրանց նպատակը ՀՀ ազգային անվտանգությանը վնասե՞լն է, թե՞ այլ քաղաքական նպատակներ կան», - հարցադրումներ է հնչեցրել Սիմոնյանը՝ անդրադառնալով  ԲՀԿ-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը:

Սիմոնյանի խոսքով՝ Սահմանադրական դատարան դիմելը հստակություն կմտցնի այդ քաղաքական ուժերի դիրքորոշումներում: 

«Այդ ուժերը նշել են, որ խնդիր են տեսնում Սահմանադրական դատարանի հետ կապված, հայտարարել են, թե դեմ են քվեարկել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելուն: Սկայան հիմա ցանկանում են դիմել նույն Հրայր Թովմասյանին, որ նա այս հարցին լուծում տա», - զարմանք է հայտնել Ալեն Սիմոնյանը:

Միևնույն ժամանակ, նա նկատել է, որ մինչ այդ ուժերի հնարավոր դիմումի՝ ՍԴ-ում քննվելը, դատավորների կազմը կարող է փոխվել: 

«Վստահ չեմ, որ մինչ այդ մենք ՍԴ այս կազմը կունենանք և այդ խնդիրը չենք լուծի: Վստահ չեմ, որ հայցը Սահմանադրական դատարանի դատավորների այս կազմը կքննի», - ասել է նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում