ՍիվիլՆեթը ներկայացրել էր հաշամանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության վիճակը Ֆինլանդիայում և Շվեդիայում։ Շարքի հերթական հոդվածը ներկայացնում է Գերմանիայում սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար վարվող քաղաքականության մասին։ Deutsche Welle-ի հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Գերմանիայում կան մի քանի օրենքներ հաշմանդամություն ունեցող մարդկանց խտրականության դեմ: Ֆիզիկական և հոգեկան առանձնահատկություններով մարդկանց իրավահավասարության մասին օրենքը (Behindertengleichstellungsgesetz) ընդունվել է 2002 թվականին: Այն ընդգրկում է պետական հատվածը և վերաբերում է դաշնային, պետական և համայնքային մարմիններին: Օրինակ, օրենքը նախատեսում է հանրային նշանակության տարածքներ մուտք գործելու հնարավորություն և հանրային փոխադրամիջոցից օգտվելու համար խոչընդոտի բացակայություն:
Այդ օրենքում վերջին սրբագրումներից մեկով նախատեսվում է գերատեսչությունների կայքերի և բջջային հավելվածների տեղեկատվությունից անխոչընդոտ օգտվելու կազմակերպումը. օրինակ` տեքստերը պետք է ներկայացվեն կարդալու համար հեշտ ֆորմատով:
2006 թվականին ընդունվել է հավասար հարաբերությունների մասին օրենքը (das Allgemeine Gleichbehandlungsgesetz): Այդ օրենքը ընդգրկում է աշխատանքային և քաղաքացիական իրավունքների ոլորտները, կարգավորում է ինչպես հարաբերությունները գործատուի հետ, այնպես էլ սպառողական բնագավառի և հանգստի ոլորտի օբյեկտներ և ծառայություններ մուտքի հնարավորությունը: Այն տարածվում է տնտեսության մասնավոր հատվածի վրա և մարդկանց պաշտպանում է խտրականությունից այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են էթնիկական ծագումը, կրոնը, աշխարհայացքը, սեռը, սեռական կողմնորոշումը, տարիքը և առողջության սահմանափակ հնարավորությունները:
Գերմանիան Եվրամիությունում քիչ երկիրներից մեկն է, որ խտրականությունից պաշտպանում է ոչ միայն աշխատանքային բնագավառում, այլև քաղաքացիական իրավունքի բնագավառում»,- DW-ին ասել է Սեբաստիան Բիքերիխը (Sebastian Bickerich)՝ Դաշնային հակախտրականության ծառայության մամուլի քարտուղարը (Antidiskriminierungsstelle des Bundes).
Խտրականության դեմ գանգատներ
Դաշնային հակախտրականության ծառայությունը հսկում է, թե ինչպես են կիրառվում օրենքները, մշակում է քաղաքացիների գանգատներով դիմումները և նրանց անվճար խորհրդատվություն տալիս իրավական հարցերով: 2018-ին այստեղ ստացվել է 3500 դիմում:
«Մոտավորապես քառորդ մասը խտրականության մասին գանգատներն են, որոնք ստացվել են կենսագործունեության սահմանափակ կարողություններով մարդկանցից: Ավելի քան 200 դիմում վերաբերել է քաղաքացիական իրավունքին,- ասել է Սեբաստիան Բիքերիխը:- Չթողեցին համերգային դահլիճ կամ կինոթատրոն, չթույլատրեցին մտնել սուպերմարկետ՝ ուղեկցող շան հետ, թույլ չտվեցին զվարճանքի զբոսայգում կրկեսային համարին (ատրակցիոնին), չնայած այն բանին, որ այն առողջության համար ոչ մի հնարավոր վտանգ չէր ներկայացնում: Վերջին դեպքերից մեկը, որով ստիպված է եղել զբաղվել Հակախտրականության ծառայությունը, տեղի է ունեցել Համբուրգում: Տղամարդը ուներ ֆիզիկական զարգացման առանձնահատկություններ, նա անհստակ էր խոսում: Բանկի աշխատակիցները հրաժարվում էին նրան սպասարկել` անգամ չթույլատրելով նրան մտնել տարածք: Սակայն Հակախտրականության ծառայության զանգից հետո բանկը ներողություն խնդրեց, և այժմ տղամարդը կարող է առանց խոչընդոտի օգտվել բանկի ծառայություններից»։
Սեբաստիան Բիքերիխը խոսում է միայն այն գանգատների մասին, որոնք ստանում է իր գերատեսչությունը: Թե ինչքան մարդ է Գերմանիայում ամեն օր կենցաղում բախվում խտրականության հետ, անհայտ է: Չկան տվյալներ նաև այն մասին, թե որքան դեպք է հասնում դատարան: Հակախտրականության ծառայությունը գանգատների ճակատագրերին մինչև վերջ չի հետևում: Մարդու ցանկությամբ, ով դիմել է այստեղ գանգատով, գերատեսչությունն օգնում է կարգավորել վեճը՝ չհասցնելով այն մինչև դատատան, բայց չի կարող ստիպել իրավախախտին վճարել փոխհատուցում:
Ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկություններով հաճախորդներին սպասակելուց հրաժարվելու համար տուգանքները դաշնային մակարդակով օրենքով նախատեսված չեն: Սակայն որոշ երկրամասերում ընդունվել են առանձին օրենքներ խտրականության մասին: Այսպես, Բրեմենում ռեստորանի, սրճարանի, գիշերային ակումբի կամ հյուրանոցի տիրոջը սպառնում է վարչական պատասխանատվություն, եթե նրա ձեռնարկությունը մերժում է հաճախորդին օգտվել իր ծառայություններից ոչ միայն առողջական առանձնահատկությունների, այլև տարիքի, սեռական կողմնորոշման կամ աշխարհայացքի պատճառով:
Հետևանքներ օրենքը խախտողների համար
Եթե տուժողը որոշում է դիմել դատարան` օրենքով նա դրա համար ունի երկու ամիս՝ միջադեպից սկսած: Դատարանի միջոցով նա իրավունք ունի պահանջել, որ վիրավորողը փոխհատուցի պատճառված վնասը, իսկ եթե ապագայում կրկնակի վնաս պատճառելու վտանգ կա, ապա ընդհանրապես, կարող է պահանջել, որ արգելեն նրա գործունեությունը։ Եթե մեղքը ապացուցված է, ապա նեղացնող անձը պետք է հատուցի վնասը: Օրինակ, եթե տաքսու վարորդը մերժել է փոխադրել ֆիզիկական կամ հոգեկան զարգացման առանձնահատկություններով ուղևորին, որը շտապելիս է եղել գործնական հանդիպման, նրան կարող են պարտադրել, որ հատուցի չկայացած գործարքի ֆինանսական վնասը: Եթե խոսքը ոչ նյութական վնասի մասին է, ապա դատարանը նշանակում է հատուցման համար գումար: Դեպքից կախված՝ դա կարող է լինել մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար եվրո:
Խտրականությունից տուժած մարդկանց համար կարևորը գումարը չէ, այլ օրինականության և արդարության վերականգնումը: Չնայած Գերմանիայում դրա համար շատ բան է արվում` կան նաև չլուծված խնդիրներ: Օրինակ մասնավոր ընկերություններ կամ ձեռնարկություններ անխոչընդոտ մուտք գործելու հնարավորությունը: Առայժմ այն օրենքով հստակ չի կարգավորվում: Հակախտրականության ծառայությունը գործում է, որպեսզի պարտավորեցնի խանութների կամ մասնավոր այլ ընկերություններին տեղադրել թեքահարթակներ, բրայլյան տառատեսակով ուղեցույցներ և ձեռնարկել նախազգուշության միջոցներ: Սեբաստիան Բիքերիխի կարծիքով՝ կարևոր է նաև հասարակական միավորումներին, որոնք ներկայացնում են զարգացման առանձնահատկություններով մարդկանց շահերը, դատարան միասնական գանգատներ ներկայացնելու իրավունքով օժտելը: «Այժմ խտրականությունից տուժածները դատարան դիմելիս ապավինում են միայն սեփական ուժերին»,- ասում է Հակախտրականության ծառայության ներկայացուցիչը:
Պատրաստել է Տաթևիկ Ղահրամանյանը
Հոդվածի բնօրինակը՝ Как в Германии борются с дискриминацией инвалидов