Գլխավոր Լրահոս

Հրայր Թովմասյան vs Նիկոլ Փաշինյան. իրավական սոուսով համեմված քաղաքական պայքար

Հրայր Թովմասյան vs Նիկոլ Փաշինյան. իրավական սոուսով համեմված քաղաքական պայքար

Թավշյա հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանին հավատարիմ մի շարք պաշտոնյաներ տեղավորվեցին Նիկոլ Փաշինյանի թիմում և խորհրդարանում իշխանական Իմ քայլը խմբակցությունում: 

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որ հենց հեղափոխության օրերին էր ուզում կատարել փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը և ազատությունից զրկել Նիկոլ Փաշինյանին, շատ հարմարավետ տեղավորվել է հեղափոխական թիմում:

Նշանավոր Տիգրան Մուկուչյանը, որի «նկարչական շնորհքի», այն է՝ ընտրակեղծարարության մասին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անեկդոտներ էր պատմում խորհրդարանի ամբիոնից, այսօր հարմարավետ տեղավորվել է ԿԸՀ-ում:

Թվում է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն էլ էր այդ ճանապարհին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարում էր, որ հեղափոխությունից հետո Հրայր Թովմասյանի հրաժարականն անհրաժեշտություն չէ և այդ հարցը իր իրավասությունների տիրույթում չի գտնվում:

Բայց Թովմասյանը Ռոբերտ Քոչարյանի շուրջ դատական գործընթացում դուրս եկավ հեղափոխության տրամաբանությունից ու չգրված կանոնից և փաստացի աջակցեց երկրորդ նախագահին՝ լուրջ նյարդայնություն ու տհաճություններ պատճառելով գործող իշխանություններին:

Թովմասյանի հարցը նախ փորձեցին լուծել պատվավոր թոշակի ուղարկելով: Սակայն նա և ՍԴ մյուս անդամները մերժեցին թոշակները, որը, նույնպես, վիճելի առաջարկ էր:

Հետո Ազգային ժողովով որոշեցին Թովմասյանի ու մյուսների հարցերը լուծել, սակայն վերջին պահին մտածեցին, որ ճիշտը հանրաքվեի ճանապարհն է: Հանրաքվեն ամենա-ամենան է: Փաշինյանը Սյունիքից մարդաշատ հանրահավաքներ սկսեց, բայց այս անգամ էլ խոչընդոտեց կորոնավիրուսի համաճարակը:

Իշխանական թիմը որոշեց, որ պետք է կրկին վերադառնալ ԱԺ: 

Կասկած չկա, որ Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորների ճակատագիրը վճռված է: 

Այո՛, բարեկամներ, սա քաղաքական գործընթաց է, որը փորձ է արվում համեմել իրավական սոուսով: 

Իսկ եթե ուզում եք ավելի պարզ ներկայացնենք, ապա նախկին իշխանությունները փորձում են Հրայր Թովմասյանին և ՍԴ-ն օգտագործել՝ առնվազն պաշտպանվելու համար: Նրանք դիրքավորվել են ՍԴ խրամատում, վերջին կռիվն են տալիս և փորձում շրջել անշրջելի մի գործընթաց, որն սկսվել է 2018-ի ապրիլին՝ մերժելով նախկինը:

Մենք դեռ չգիտենք, թե ուր ենք գնում: Բայց հաստատ է, որ անցյալը մերժված է: Այս պարզ ճշմարտությունը նախկինները չեն ուզում հասկանալ և ընդունել:

Թովմասյանն ու նախկինները փորձում են ներկայացնել, թե Սահմանադրական դատարանը  ներքաղաքական գործընթացի մաս չի կազմում: Սա նույնքան և ավելի անհավատալի է, որքան իշխանությունների պնդումը, թե Ազգային ժողովում տեղի ունեցողը զուտ իրավական գործընթաց է: 

Հրայր Թովմասյանը, առաջին անգամ չենք գրում, Սերժ Սարգսյանի վերարտադրության համար հեղինակած Սահմանադրության համար ստացել է իրեն հասանելիքը՝ ՍԴ նախագահի աթոռը: ՍԴ նախագահի պաշտոնը այն նվերն էր, որ Թովմասյանը ստացավ Սերժ Սարգսյանից։ Նա այդ աթոռը փորձում է ամեն կերպ պաշտպանել՝ հաշվի չառնելով Թավշյա հեղափոխությունը: Թովմասյանը կարող էր հանգիստ մնալ իր աթոռին, ինչպես Արտակ Դավթյանն ու Տիգրան Մուկուչյանը, եթե չմիանար նախկինների հակահեղափոխության փորձերին:

Սա է ամբողջը: 

Պետք չէ պարզ ներքաղաքական կռվին, որտեղ կան երկու կողմեր՝ Նիկոլ Փաշինյան և նախկիններ, տալ իրավական բնութագիր: 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում