Եթե որևէ մեկը ինձ պետք է ասի կախյալ, ապա նա ընդամենը մեղանչում է իր խղճի դեմ․ Ալվինա Գյուլումյան

«Եկեք ես նախագծի սահմանադրականության առումով գնահատական չտամ։ Նախ՝ վաղ է դրա համար, և երկրորդն էլ՝ չեմ բացառում, որ որևէ մեկը կդիմի ՍԴ, և ես չեմ ցանկանում ինձ կաշկանդել հետագայում այդ գործի քննությանը մասնակցելու հարցում»․ այս մասին հունիսի 23-ի ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը։
Հարցին՝ եթե նախագիծը ուղարկվեր ՍԴ, շահերի բախման խնդիր լինելո՞ւ էր, Գյուլումյանը պատասխանեց․ «Ես եթե-ով չեմ կարող ասել, համենայնդեպս, ամբողջ աշխարհում ընդունված է, որ Սահմանադրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց, և մեր ՍԴ-ն էլ նախկինում էլ քննության է առել նաև ՍԴ մասին օրենքի դրույթների սահմանադրականությունը։ Ես համոզված եմ, որ այս նախագիծը ինձ վրա չի ազդում։ Ով շարունակում է և շարունակական 12 տարի ունի, միգուցե»։
Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին հարցերին ի պատասխան ՍԴ փոխնախագահը նկատեց, որ Վենետիկի հանձնաժողովի «ռեկոմենդացիաներում էլ կան այնպիսի կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել»։
Ալվինա Գյուլումյանը զերծ մնաց նախագծին որևէ գնահատական տալուց։
«Ես ընդամենը որպես շահագրգռված անձ կարդացել եմ այդ օրինագիծը, արդեն ընդունված օրենքը, և գտնում եմ, որ այն ինձ վրա չի տարածվում։ Նախկինում ինչ պաշտոններ եմ զբաղեցրել, ինչ եմ արել՝ դա որևէ նշանակություն չունի։ Պաշտոնավարում նշանակում է այդ նշանակումով պաշոնավարել»,- ասաց Գյուլումյանը։
Արդյոք ՍԴ դատավորները կարո՞ղ են վիճարկել այս հարցը։
«Իհարկե կարող են։ Վարչական դատավարության կարգով կսպառեն մեր պետական միջոցները և կդիմեն ՄԻԵԴ։ Ես անձամբ դա կանեմ, որովհետև իմ պարագայում ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար»,- հայտարարեց նա։
Հարցադրմանը, թե մեղադրվում է նախկին իշխանություններից կախյալ լինելու մեջ, Գյուլումյանն արձագանքեց․ «Ես կցանկանայի տեսնել որևէ մեկին, որը կարող է կամ ընդունել է ավելի համարձակ որոշումներ և նախորդ իշխանության դեմ, և մյուսի, որը ավելին է արել, քան ես եմ արել։ Ես Խորհրդային Միության տարիներին այն դատավորն եմ եղել, որը որոշում է կայացրել և Գերագույն խորհրդրի նախագահին պարտավորեցրել է պատասխանել քաղաքացու նամակին։ Եթե որևէ մեկը ինձ պետք է ասի կախյալ, ապա նա ընդամենը մեղանչում է իր խղճի դեմ։ Այս նախագիծը պետք է գար ՍԴ։ Եկեք ոչ մի հարցի այդ առումով չպատասխանեմ, որովհետև կրկնում եմ՝ դա կարող է լինել մեր քննության առարկա»։
Լրագրողների հարցին, թե ՍԴ օրակարգում ինչո՞ւ է ավելացվել Քոչարյանի հարցը, դատավորը պատասխանեց․ «Որովհետև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը դուք գիտեք, որը հրապարակվեց 18-ին ընդամենը, երբ արդեն մեր օրակարգը կազմված էր, իսկ ՍԴ մասին օրենքի համաձայն՝ երբ գործի կասեցման հիմքերը վերանում են, մենք պարտավոր ենք անհապաղ վերսկսել գործի քննությունը։ Նաև մեր կանոնակարգի համաձայն՝ օրակարգը պետք է հաստատվի, և օրակարգում կարող են կատարվել ավելացումներ։ Դա բնական աշխատանքային գործընթաց է»։
Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ նշանակված լինելով նախորդ սահմանադրության պայմաններում՝ նոր սահմանադրությանը համապատասխան ինքն ընտրվել է ՍԴ նախագահի տեղակալ։
***
Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների 89 կողմ և 0 դեմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նախագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։
Նախագծով նախատեսվում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, ովքեր 12 և ավելի տարի այդ պաշտոնում են։ ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները սրանով կդադարեն (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան): Վերջիններիս տեղը թափուր մնալուց հետո համալրելու են նախագահի, կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ կողմից հավանության արժանացած թեկնածուները։ Դրանից հետո կկազմակերպվի ՍԴ նոր նախագահի ընտրություն։
Civilnet










