Երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն եմ ունեցել․ Հրայր Թովմասյան

«ՀՀ գործող Սահմանադրության համաձայն, որի հեղինակներից մեկը ես եմ, սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության։ Հիմա ես արձանագրում եմ, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ, նման նախագիծ չի քննարկել»․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հունիսի 23-ին պատասխանեց լրագրողների՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին հարցերին։
«Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին ընդհանրապես, ապա շատ մեծ զսպվածութուն ցուցաբերելով՝ պիտի ընդամենը ասեմ, որպես իրավաբան եմ ասում, ես երեկ մեր Ազգային ժողովում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն եմ ունեցել»,- նշեց Թովմասյանը։
Լրագրողի հարցին, թե ՍԴ նախագահի պաշտոնից զրկվելու դեպքում պատրաստվո՞ւմ է շարունակել աշխատանքը դատավորի կարգավիճակում, քանի որ նախագիծը ենթադրում է, որ նա պետք է զրկվի պաշտոնից, Թովմասյանն ասաց՝ «նման նախագիծ չի տեսել»։
Հրայր Թովմասյանը նշեց նաև, որ ինչ-որ փուլում առիթ կունենա իրավական և քաղաքական գնահատականներ տալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին։
«Ամբողջ խնդիրը հետևյալն է, որ սահմանադրական դատարանները այնպիսին են, որ իրենց վերաբերյալ հարցերը ևս կարող են լուծել։ Ե՛վ Վենետիկի հանձնաժողովում, և՛ միջազգային բոլոր փաստաթղթերո՛ւմ հստակ նշված է, պարզապես այս դեպքում իրենք որոշակի ավելի մեծ զսպվածություն պետք է ցուցաբերեն, քան թե այլ դեպքերում»,- ասաց նա։
Անդրադառնալով նախագիծը ՍԴ ուղարկելու դեպքում շահերի բախմանն ու իր պաշտոնին՝ նա նշեց, որ «ոչ մի պաշտոն ինքնանպատակ չէ, որևէ պաշտոն հավերժ չէ»։
«Երկու բան պիտի իրար կողք դնես։ Մի դեպքում դու ընդհանրապես սահմանդրական արդարադատություն չես ունենում այդ հարցերում, ասում ես «դե ոչինչ, հաշի առնելով, որ կարող է իրենք կողմնակալ լինեն, ուրեմն սա դուրս է սահմանդրական վերահսկողությունից»։ Իսկ այդ կանխավարկածը ձեզ ո՞վ է տվել, որ ՍԴ-ն կարող է կողմնակալ լինել, որտեղի՞ց, ինչի՞ եք այդ կանխավարկածով դուք առաջնորդվում։ Իսկ երբ ասում ենք՝ գիտեք ինչ, որոշել ենք ՍԴ բոլոր անդամներին գնդակահարել, բայց գիտեք, որ ուղարկենք ՍԴ, իրենք կողմնակալ կարող է լինեն, եկեք չուղարկենք։ Իսկ եթե ասում են գիտեք ինչ, ՍԴ մասին օրենքով նախատեսված է, որ կենսաթոշակները պետք է լինեն աշխատավարձի 70 տոկոսը, երկրում տնեսական ճգնաժամ է, սա է, սա է, սա է, և բոլորինը պետք է իջեցվեն, և էդ հարցն ա քննարկվում, կարա՞ս էստեղ ասես՝ շահագրգռված են, պիտի գնահատես, այսինքն՝ համանման այլ մարմինների իջեցումը ևս։ Երբ դա դիտարոկում ես քո առումով, որ դատավորը պետք ստանա իր բարձր պաշտոնին համարժեք աշխատավարձ, որն իր մեջ ենթադրում է կենսաթոշակը»,- մեկնաբանեց Թովմասյանը։
Խոսելով նախկին իշխանությունների հետ կապի մասին՝ Թովմասյանն ասաց, որ իր համար դա նշանակություն չունի։
«Հրայր Թովմասյանի համար նախկին իշխանություն, նոր իշխանություն, հին իշխանություն, իրենց ասածները 100-րդական են։ Հրայր Թովմասյանը բազմիցս ասել է՝ գլուխը կախ գալիս է, իր աշխատանքն անում, գնում»,- նշեց նա։
Նույն թեմայի շուրջ մեկ ուրիշ հարցի պատասխանելիս էլ ասաց․ «Նման հայտարարությունները մերկապարանոց հայտարարություններ են, եթե ասածի հիմքում կոնկրետ բան չկա։ Վերցրեք ցանկացած որոշում, որ էս ընթացքում կայացվել է, տվեք միջազգային փորձագետներին, տվեք երկրի լավագույն սահմանադրագետներին, և թող ասեն, որ այս հարցում կա նման ուղղորդում»։
ՍԴ նախագահը մեկնաբանեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ այդպիսի լիազորություն իրենք այս պահին չեն կարող ունենալ։
«Ես ոչ Էդմոն Մարուքյանի խորհրդատուն եմ, ոչ էլ ԱԺ կանոնակարգ օրենքի փորձագետ եմ, որպեսզի հիմա իրենց խորհուրդ տամ կամ ասեմ՝ ոնց են դիմում, ինչ են դիմում, կամ ոնց հասկանալ, կամ հասկանալուց, կարդալուց ոնց ընկալել,- նշեց Թովմասյանը։
Թովմասյանը մեկնաբանեց նաև ՍԴ նիստի օրակարգում վերջին պահին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումի քննությունը վերսկսելու հարցի ավելացումը։ Նրա խոսքով՝ դա կապված է Վենետիկի հանձնաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կարծիքների հրապարակման ժամանակների հետ։
«Մեր 56-րդ հոդվածը ասում է, որ գործը կասեցումից հանվում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո։ Հիմա կասեցման երկու հիմք կա՝ ՄԻԵԴ կարծիքը և Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։ Մեկը հրապարակվել է ամսի 28-ին, մյուսը՝ ամսի 18-ին։ Ինքս տեղեկացվել եմ դրա հրապարակման մասին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ՍԴ հեռավար աշխատաքը ևս, 19-ի երեկոյան։ Եթե ես 19-ի երեկոյան էի տեղեկացել, դա ուրբաթ օր էր, ես ե՞րբ պիտի ընդգրկեի, եթե ոչ առաջին իսկ նիստին, իսկ մեր առաջին նիստը երկուշաբթի էր»,- պարզաբանեց նա։
***
Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների 89 կողմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նախագիծ ներկայացրել ու հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։
Նախագծով նախատեսվում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, ովքեր 12 և ավելի տարի այդ պաշտոնում են։ ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները սրանով կդադարեն (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան): Վերջիններիս տեղը թափուր մնալուց հետո համալրելու են նախագահի, կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ կողմից հավանության արժանացած թեկնածուները։ Դրանից հետո կկազմակերպվի ՍԴ նոր նախագահի ընտրություն։
Լուսինե Վարդանյան
Civilnet










