Գլխավոր Լրահոս

«Ռոբոտ մարդիկ» ապագայի ֆիլմերից, կրթական համակարգն ու դավադրությունները տեխնոլոգիաների դարաշրջանի պատերազմներ

«Ռոբոտ մարդիկ» ապագայի ֆիլմերից, կրթական համակարգն ու դավադրությունները տեխնոլոգիաների դարաշրջանի պատերազմներ

Ալեքսանդր Մարտիրոսյան,

Հաղորդակցության և մեդիա մասնագետ

Կարծես երեկ էր, որ ավարտվեց պատերազմը, բոլորը զենքերը վայր էին դրել, կողմերից մեկը հաղթանակել էր, մյուսը՝ պարտվել, և դժվար էր ասել՝ որ մեկը։ Չնայած, եթե հերթը հասել էր դրան, բոլորն էլ պարտված են։ Եթե ռեակցիան երկու կողմերի միջև դրական չէ, ուրեմն բոլորը տանուլ են տվել։ Ինչևէ․․․։

Ժամանակները փոխվեցին, ամեն մեկը բռնեց իր ճամփան, զարգացման իր ուղին, բայց թշնամանքը լատենտային փուլում էր։ Վրեժի զգացողությունը մշտապես քեզ ուղեկցում է․ կամ պիտի մեկընդմիշտ հրաժարվես այդ գաղափարից, կամ անընդհատ մարտնչես, բայց երեբեք հույս չունենալով, որ կռվում հաղթելը կարող է հանգստություն պատճառել։

Եկան ժամանակներ, որ մենք այն կոչեցինք տեխնոլոգիաների դար, անգամ չերկմտելով, որ տեխնոլոգիաներն էլ են իրենց փխրուն, բայց եւ հզոր ուսերին կրելու վրեժի արտահայտման ձևը։ Մենք այն անվանեցինք այդպես, հույս ունենալով, որ այսուհետ մարդկանց գիտական միտքն ու ներուժը ներդրվելու է աշխարհի զարգացմանը, բայց եթե մտածեինք, որ աշխարհի զարգացմանը զուգահեռ զարգանալու է վրեժն իր դրսևորման ձևերով, ապա գուցե փորձ չանեինք ստեղծել համացանցը, համակարգիչը, ծրագրավորման լեզուները։

Ուտոպիստական և ապագայապաշտական ֆիլմերում մենք տեսնում էինք, թե ինչպես են ռոբոտները վերածնունդ ապրում իրենց զարգացման փուլում և նոր թափով գրավում աշխարհը՝ ղեկավարում մարդկանց, դեմ առ դեմ կռվելով իրենց ստեղծողների և իրենց կյանք տվողների հետ։ Ցավոք, շատ ուշ պիտի այն համեմատեինք մեր իրական կյանքի հետ և հասկանայինք, որ այդ ռոբոտները, ոչ թե ռոբոտներ էին, այլ ռոբոտացված մարդիկ։ Պատերազը տեխնոլոգիաների ժամանակաշրջանում երևի հենց այսպիսի տեսք ունի։ Եթե այն եղած լիներ հարյուր տարի առաջ, ես այն ավելի լավ կնկարագրեի, բայց չեմ կարող, որովհետև ես ապրում եմ հենց այդ շրջանում, իսկ ներսից այնքա՜ն դժվար է տարբերակել՝ թացը չորից։

Ռոբոտացված մարդիկ դեգրադացված կրթական համակարգի հետևանք են, դեգրադացված կրթական համակարգը՝ սխալ կառավարման, սխալ կառավարումը՝ ոչ կոմպետենտ իշխանության, ոչ կոմպետենտ իշխանությունը՝ ժողովրդի ընտրության, ժողովրդի ընտրությունը՝ իր փորձի և էլի դեգրադացված կրթական համակարգի։ Պատճառահետևանքային այս ողջ շղթան, որի լուծումն անգամ տեսանելի չէ, թե որ մի օղակից պիտի սկսվի, ևս պատրանք է։ Պատրանք է, որին որպես խամաճիկ մենք ենթարկվում ենք և որով ապրում, որովհետև ռեալ բացատրություններ տալու, լուծումներ գտնելու և դրանց հասնելու բեռը մեր վրա չենք ուզում վերցնել։ Թող մեզանից հետո եկողներն այն անեն։

Նայե՛ք ձեր շուրջբոլորը՝ ձեր հարևաններին, ձեր բարեկամներին, ձեր անծանոթներին, ինչպիսի կյանք են նրանք վարում և ինչ են փափագում, կարծես մագնիսի իրար վանող կողմերը դեմ տված լինեն և ստիպեն, որ ձգողականություն ստեղծվի ու կպչեն իրար։ Իհարկե, չի լինում այդպես։ Նոր կորոնավիրուսը, ծիծաղելի է անգամ այս մասին խոսելը, ուղղակի առիթ էր, որպեսզի այդ նույն ժողովուրդն իր երկրի պատկերը ցույց տա՝ մեղադրելով միմյանց, խոսելով դավադրությունների, ցանցերի, մոգական ուժերի, գերբնական երևույթների, կենսաբանական պատերազմների մասին, հնչեցնելով ատելության խոսք, արտահայտելով անհանդուրժողականություն ու ոչ զսպվածություն։ Այ, սա է պատերազը տեխնոլոգիաների ժամանակաշրջանում։ Երբ մարդու ինտելեկտուալ ունակությունների անկարողությունը դրսևորվում է դիլետանտիզմով, վայրահաչությամբ ու դիմացինի նկատմամբ արտահայտվող նողկանքով։ Ստացվում է, որ տեխնոլոգիաները մարդկանց ընձեռում են ամեն ինչ որոնելու, ամեն ինչ ուսումնասիրելու, հետազոտելու և ճշմարտությանը դեմ առ դեմ կանգնելու անթիվ հնարավորություններ և բաց տվյալների մուտքի իրավունք, սակայն կեղծ ինֆորմացիան ավելի հեշտ է գտնում մարդկանց, նրանց թույլ կողմը և տարածվում հենց իրենց կողմից։

Հիմա ինձ ասեք՝ ով է հաղթել այս պատերազմում, կամ նախորդ պատերազմում, կամ դրանից հարյուրամյակներ և հազարամյակներ առաջ եղած պատերազմներում, երբ այսօր բոլորը նույն կաթսայի մեջ են եփվում։ 

Գիտականորեն ապացուցված է․ երբ գորտին գցում ես եռման ջուրը, իսկույն դուրս է թռչում, սակայն, երբ գցում ես սովորական ջուրը և քի-քիչ տակացնում այն՝ հասցնելով եռման, այն չի զգում ջերմաստիճանի փոփոխությունը, դուրս չի թռչում ջրից և այդպես սատկում է։ Կարծես, նախորդ դարասկզբին էլ մեզ են գցել ջուրն ու կամաց-կամաց կրակի տվել, քիչ-քիչ տաքանում ենք սակայն չենք զգում։

Մարդկանց հարկավոր է կրթել, սովորեցնել, օգնել, չնայել խղճահարությամբ կամ զզվանքի զգացողությամբ, որքան էլ որ տխրահռչակ է ինքը կամ նրա մտքերը, չէ՞ որ հենց այդպիսի մարդիկ ավելի շատ ունեն մեր կարիքը։ Դավադրությունները նպատակաուղղված են նման մարդկանց։ Թիրախավորում են վերջիններիս, հետո քիչ-քիչ տանում դեպի սեփական դաշտ՝ պարտության մատնելով առողջ բանակությանը։ Այս պատերազմում մենք կարող ենք հաղթել միասին։ Դավադրությունների պատերազմում ամենապարարտ հողը ինֆորմացիայի բացակայությունն է, կամ դրա խեղաթյուրված ձևերը։ Երկու դեպքում էլ մենք անելի ունենք։ Երկու դեպքում էլ մեղքը մերն է, պատասխանատվությունը՝ ևս։

Դավադրրության զոհերը մշտապես մտածում են, որ վերևում կա մեկն, ով իշխում է բոլորին։ Հերիք չէ իշխում է, նաև ինքն է միայն տիրապետում այն ունակություններին, որոնցով իր իշխը տեղ է հասցնում։ Այսպիսի կեղծ աստվածածվաց կերպարների մասին մարդկանց երևակայական մտքերը կոտրում են բանականության պատերն ու սև ու սպիտակ հեղուկները խառնում միմյանց հետ այնպես, որ դրանք տարանջատելն ու վերականգնելն անհնար է դառնում ցանկացածի համար։

Մենք պիտի լինենք ավելի կիրթ և իրազեկված, մենք մեր շրջապատում պիտի հնարավորինս տարածենք ճշմարտությունն ու զարկ տանք իրական գիտությանը։ Գիտություն, որը նույնն է գիտնականի, ուսուցչի, աշակերտի, բանվորի, խոհարարի ու զինվորի համար։ Շատ ժամանկ այդ գիտության բովանդակության սխալ տեղ հասցնելն է մարդկանց դարձնում դավադրությունների զոհ։ Մենք պետք է կարողանանք այն մատուցել հասկանալի, ըմբռնելի ու մտաչելի ձևով, հակառակ դեպքում, ստացվում է, որ ժողովրդի հետ խոսում ենք օձերի լեզվով, ովքեր լեզու են թափում հերթական դավադիր գրանտը շահելու և մարդկանց տները, ավանդույթներն ու մշակույթները կազմաքանդելու համար։

Մարդկանց ուժերը պիտի միտված լինեն համընդհանուր բարօրությանն ու համերաշխությանը, քանի դեռաշխարհը մեզնից չի հիասթափվել։

Անելիքն անսահման շատ է, բայց դա պետք է սկսել ինքդ քեզանից։ Ես սկսել եմ, իսկ դո՞ւ․․․

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում