ԼՀԿ-ն կդիմի Սահմանադրական դատարան, բայց Քոչարյանի գործով քննությունից հետո

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի դիմի Սահմանադրական դատարան օրեր առաջ Ազգային ժողովում ընդունված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու համար: Այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը և միանալու առաջարկով դիմել էր «Լուսավոր Հայաստանին»:
«Այս ընթացքում հանրության կողմից հարց էր բարձրացվում, որ պետք է սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվեր Սահմանադրական դատարանում: Մինչդեռ պետք է նշենք, որ Սահմանադրության 169-րդ հոդվածում նշված այդ դրույթը չի կարող պատգամավորների 1/5 –ով վիճարկվել Սահմանադրական դատարանում, քանի որ սահմանադիրն այն ժամանակ այս դրույթը գրել է այն կանխավարկածով, որ Ազգային ժողովն ինքը պատրավոր է դիմել Սահմանադրական դատարան փոփոխությունների սահմանադրականության հարցը որոշելու համար», - Ազգային ժողովում հունիսի 24-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ ասվածից պարզ է դառնում, որ այս հարցով չեն կարող դիմել Սահմանադրական դատարան: «Սա որպես այդպիսին իրավաբանական տարրական գիտելիքների արդյունք պետք է լիներ և չեմ կարծում, որ շատ խորը գիտելիքներ պետք է ունենալ այս բնագավառում այդ ամենը հասկանալու համար», - ասաց Տարոն Սիմոնյանը՝ փաստացի պատասխանելով ԲՀԿ-ական գործընկերների՝ սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու նպատակով ՍԴ դիմելու առաջարկին:
Հետևաբար, պատգամավորի խոսքով, եթե իրենց քաղաքական գործընկերներն այս ամենն անտեսում են, ապա ինքը հիմքեր ունի կասկածելու, որ նրանք կամ գիտակցված «կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կամ էլ ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում՝ իրավաբանական գիտելիքներն իջեցնելով զրոյական մակարդակի»:
«Սա ուղղակի անթույլատրելի է», - ասաց նա՝ հիշեցնելով այն խախտումները, որոնք, ըստ իրեն, իշխանությունները կատարել են սահմանադրական փոփոխություններն ընդունելիս:
«Առաջինը, սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո այն պիտի ներկայացվի Սահմանադրական դատարան՝ պարզելու առաջարկվող փոփոխությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Սա կարգավորվում է Սահմանադրությամբ 169-րդ 2-րդ մասով, նոր դրա հիման վրա ընդունված ԱԺ «Կանոնակարգ օրենքի» 86-րդ հորվածով: Սա ակնառու խախտում էր: Մյուս կարևորագույն խախտումն այն է, որ ԱԺ «Կանոնակարգ օրենքի» փոփոխություներով Հանրապետության նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից: ԱԺ մի խմբակցությունը սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել: Այս խախտումների հիման վրա Սահմանադրությունն ԱԺ պատգամավորների 1/5-ին հնարավորություն է տալիս դիմել Սահմանադրական դատարան: Վիճարկվելու է ԱԺ «Կանոնակարգ օրենքի» փոփոխությունների սահամանադրականությունը, որով նախագահին զրկել են իր լիազորություններից: Մեկ խնդիր է այն՝ արդյոք ԱԺ-ն սահմանադրական փոփոխություներ ընդունելիս իրավունք ուներ չդիմելու ՍԴ, թե ոչ: Այս հարցի պատասխանը ևս Սահմանադրական դատարանն է տալու», - ասաց Սիմոնյանը:
Նա նկատեց, որ Սահմանադրական դատարան կարող են դիմել այս հարցերով, այլ ոչ թե ընդունված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու խնդրով:
Իր հերթին Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս հարցերով իրենք կդիմեն Սահմանադրական դատարան ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունից հետո:
«Այժմ Սահմանադրական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Մենք այժմ չենք դիմի ՍԴ, որպեսզի մեր դիմումը չընկալվի միջամտություն: Մենք կաշխատենք դիմումի վրա, կուժեղացնենք, և հենց որ երկրորդ նախագահի գործով նիստը տեղի կունենա և կավարտվի, ՍԴ կմուտքագրվի հակասահմանադրական ճանաչելու հետ կապված մեր դիմումը», - ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը Սահմանադրական դատարանը սկսելու է հուլիսի 7-ին:
Civilnet










