Գլխավոր Լրահոս

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող. Մակունց

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող. Մակունց
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմը համամիտ է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության «առանցքային և կոնցեպտուալ հատվածի հետ»: «Մնացյալ դետալների մասով կարող եմ ասել, որ մենք ընտրել ենք այն ճանապարհը, որը կարող է լարված իրավիճակը թուլացնել և հանգուցալուծման հասցնել», - ԱԺ-ում հունիսի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը «խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում»: Ինչ վերաբերում է սահմանադրության փոփոխությունների բովանդակությանը, որոնցով նախատեսվում է ՍԴ երեք դատավորների պաշտոնանկությունը, Մակունցն ասաց, որ հաստատված փաստաթղթով «հստակ է ասված է ամեն ինչ»: Այս համատեքստում նա անդրադարձավ ՍԴ անդամներից Ալվինա Գյուլումյանի հայտարարությանն այն մասին, որ այս փոփոխությունն իր վրա չի տարածվում, քանի որ ինքը ՍԴ անդամ դարձել է 2014 թվականին: Մակունցի խոսքով՝ Գյուլումյանի հայտարարությանը հստակ մեկնաբանություններ կտան իրավաբանները. «Հարց է առաջանում՝ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ տիկին Գյուլումյանը ՄԻԵԴ-ում դատավոր աշխատելուց հետո դատական կարգով նաև պահանջել է հավելավճար ՍԴ-ից»։ Մակունցը նաև հերքեց այն մեկնաբանությունները, թե սահմանադրական փոփոխություններ կատարելով՝ քաղաքական մեծամասնությունը տապալել է սահմանադրական կարգը: «Սահմանադրական կարգի տապալման մասին խոսք լինել չի կարող, և «Իմ քայլը» խմբակցությունը որևէ կերպ չի կարող մասնակից լինել նման պրոցեսի», - նկատեց նա: Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ձայների 89 կողմ և 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ Նախագիծ ներկայացրել ու հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ «Իմ քայլը» այս նախագծի ընդունմամբ ըստ էության լուծում է տալիս սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին։ Նախագծով նախատեսվում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, ովքեր 12 և ավելի տարի այդ պաշտոնում են։ ՍԴ 9 անդամներից 3-ի լիազորությունները սրանով կդադարեն (Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյան, Ալվինա Գյուլումյան): Վերջիններիս տեղը թափուր մնալուց հետո համալրելու են նախագահի, կառավարության ու դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և ԱԺ կողմից հավանության արժանացած թեկնածուները։ Դրանից հետո կկազմակերպվի ՍԴ նոր նախագահի ընտրություն։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում