Հայաստանում կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքեր չեն արձանագրվել, սակայն կրկնակի վարակում հնարավոր է, թե ոչ, աշխարհին դեռ հստակ հայտնի չէ: Այսպիսով, եթե մարդը մեկ անգամ վարակվել և լավացել է, դեռ 100տոկոսանոց երաշխիք չկա, որ երկրորդ անգամ չի վարակվի. այսօր հրավիրված ասուլիսում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Աշխարհում էլ այս ակադեմիական դեբատը շարունակվում է՝ արդյոք լինո՞ւմ են կրկնակի վարակի դեպքեր, թե ոչ: Մենք նման արձանագրված դեպք, ամեն դեպքում, չունենք: Այդ արձանագրումները, կարծում եմ, որ պետք չէ դիտել միայն երկրի մասշտաբով, այլ պետք է նայել ավելի շատ միջազգային հետազոտական աշխատանքների շրջանակներում: Ընդհանրապես, կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ: Եվ քանի դեռ այս հարցի պատասխանը չունենք, նաև կրկնակի վարակվելու հնարավորության հարցի պատասխանը չունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Թորոսյանը:
«Նույնիսկ, եթե մենք վարակվել և լավացել ենք, դա դեռ 100 տոկոս երաշխիք չէ, որ երկրորդ անգամ չենք վարակվի՝ այդ ապացուցի բացակայությունը հաշվի առնելով: Մենք, իհարկե բոլորս հույս ունենք, որ դա այդպես կլինի, և բոլոր վարակված քաղաքացիները չեն վարակվի, կամ եթե նույնիսկ վարակվեն, այլ հիվանդությունների նման հնարավոր է, որ երկրորդ վարակն ավելի թեթև տանեն, բայց քանի դեռ այդ ապացուցողական բազան չկա, մենք մեզ երաշխավորված չենք կարող համարել»,- նշել է Թորոսյանն ու հավելել, որ այդ ապացուցողական բազայի զարգացմանը զուգընթաց՝ իրենք ևս կտեսնեն և կհայտարարեն դրա մասին:
Աղբյուրը՝ «Արմենպրես»
Civilnet











