Եթե հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը չուղարկի Սահմանադրական դատարան Ազգային ժողովում վերջերս ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, ապա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «հաճույքով կստորագրի» այն:
ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի հետ օրենսդրական փաթեթի հարցով Սահմանադրական դատարան չդիմելու վերաբերյալ պայմանավորվածություն չունեն:
«Հանրապետության նախագահի հետ այս թեմայով չեմ խոսել: Կստորագրեմ մեծ հաճույքով, երբ որ ինձ համար օրենսդրորեն, իրավական առումով Ազգային ժողովի նախագահի համար կբացվի ստորագրելու հնարավորության ժամկետը», - ասել է Արարատ Միրզոյանը:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովի հավանությունը ստանալուց հետո նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է Արարատ Միրզոյանին, որ չի ստորագրելու այն: Նախագահը նաև չի հստակեցրել՝ դիմելու է Սահմանադրական դատարան, թե ոչ:
Համաձայն Սահմանադրության՝ նախագահը 21-օրյա ժամկետում պետք է ստորագրի ու հրապարակի կամ նույն ժամկետում ՍԴ դիմի։ Եթե չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը:
Այսօրվա դրությամբ նախագահ Արմեն Սարգսյանն ունի ևս 12 օր «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ որոշում կայացնելու համար։
#ՍիվիլՆեթ #Լուրեր
Civilnet











