Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշման դեմ պաշտպանության կողմի և դատախազության բողոքների քննության հիման վրա կայացրած որոշումը։
Քանի որ կողմերը որոշման հրապարակմանը ներկա չեն եղել, ինչպես նաև դեռևս չենք ստացել դատարանի որոշման օրինակը, ուստի որոշման կոնկրետ բովանդակությանը և պատճառաբանություններին ծանոթ չենք և չենք կարող մեկնաբանություններ ներկայացնել դրա վերաբերյալ։
Սակայն բանավոր տեղեկատվություն ունենք, որ վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։
Պարզաբանման համար ցանկանում ենք տեղեկացնել, որ վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո կքննարկենք նաև այն ՀՀ վճռաբեկ դատարան բողոքարկելու հարցը»,- գրել է Սարգսյանը։
***
Սարգսյանը հուլիսի 7-ին հայտարարել է, որ իրենք Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում բարձրացրել են արդար դատաքննության իրավունքի խախտման, գործը Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի քննելու, Ծառուկյանի արարքում հիմնավոր կասկածի բացակության և այլ հարցեր։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, հունիսի 21-ին մերժել էր Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան ու պահանջում է կալանավորել Ծառուկյանին։ Վերջինիս պաշտպանները ևս բողոքարկել են դատական ակտը՝ կապված հիմնավոր կասկածի և դատական ակտում տեղ գտած ձևակերպումների հետ, որոնց հետ իրենք համամիտ չեն։