Գլխավոր Լրահոս

«Մոդեռնա»-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հերթական հաջող փորձարկումն է անցել

«Մոդեռնա»-ի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հերթական հաջող փորձարկումն է անցել
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող ամերիկյան «Մոդեռնա» ընկերության առաջին փուլի փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ պատվաստանյութն անվտանգ է և առաջացնում է իմունային պատասխան, հաղորդում է Reuters գործակալությունը։ («Մոդեռնա» ընկերության հիմնադիրը Նուբար Աֆեյանն է)։ «Մոդեռնա»-ի՝ կորոնավիրուսի դեմ փորձնական պատվաստանյութը անվտանգ է և առաջացրել է իմունային պատասխան բոլոր 45 առողջ կամավորների շրջանում` ըստ ներկայում ընթացող ուսումնասիրության վաղ փուլի արդյունքների, հայտնում են ԱՄՆ հետազոտողները։ Կամավորները, որոնք ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժին, ձեռք են բերել վիրուսը սպանող հակամարմինների ավելի բարձր մակարդակ, քան կորոնավիրուսով վարակված և առողջացած անձանց միջին ցուցանիշն է։ Այս մասին հայտնել է թիմը՝ New England Journal of Medicine գիտական հանդեսում։ Ուսումնասիրության կամավորներից ոչ մեկի մոտ չի նկատվել կողմնակի լուրջ ազդեցություն, իսկ կեսից ավելին հայտնել է մեղմ կամ չափավոր ռեակցիաների՝  հոգնածության, գլխացավի, մկանացավի կամ ներարկման տեղում ցավի մասին: Սրանք ավելի մեծ հավանականությամբ տեղի են ունեցել երկրորդ դեղաչափից (դոզա) հետո և այն մարդկանց մոտ, որոնք ստացել են առավելագույն դեղաչափը: Մասնագետների կարծիքով, պատվաստանյութն անհրաժեշտ է՝ վերջ դնելու կորոնավիրուսային համավարակին, որը մինչ այժմ ամբողջ աշխարհում մոտ 575 000 մահվան պատճառ է դարձել և վարակել միլիոնավոր մարդկանց։ Մոդեռնան» առաջինն էր, որ վիրուսի գենետիկական հաջորդականության վերաբերյալ հրապարակումից 66 օր հետո՝ մարտի 16-ին, սկսեց պատվաստանյութի փորձարկումները մարդկանց շրջանում: «Եթե պատվաստանյութը կարող է առաջացնել իմունային պատասխան, որը համեմատելի է բնական վարակի առաջացրածի հետ, ապա այն հաղթող պատվաստանյութ է,- ասել է ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, դոկտոր Էնթոնի Ֆաուչին։- Ահա թե ինչու մենք շատ գոհ ենք արդյունքներից»: Երեքշաբթի «Մոդեռնա»-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 15 տոկոսով: ԱՄՆ կառավարությունը աջակցում է «Մոդեռնա»-ի պատվաստանյութին և տրամադրել է գրեթե կես միլիարդ դոլար, և այն ընտրել է որպես առաջիններից մեկը, որը կանցնի լայնամասշտաբ փորձարկումների փուլ։ Հունիսին «Մոդեռնան» հայտնել էր, որ իր վերջնական փուլի ուսումնասիրության համար ընտրել է պատվաստանյութի 100 միկրոոգրամ չափաբաժին՝ կողմնակի ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Այդ չափաբաժնով, ըստ «Մոդեռնա»-ի, այն կարող է տարեկան 500 միլիոն դեղաչափ մատակարարել և, հավանաբար, սկսած 2021 թվականից՝ հասցնել տարեկան մինչև 1 միլիարդի։ Ապրիլին «Մոդեռնա»-ն ընդլայնել էր առաջին փուլի փորձարկումները` ընդգրկելով 55-ից բարձր տարիքի մեծահասակների, որոնք ռիսկային խմբում են: «Մոդեռնա»-ն մեկ տարվա ընթացքում վերահսկողության տակ կպահի կամավորներին՝ կողմնակի բարդություններ փնտրելու, ինչպես նաև իմունիտետի տևողությունը ստուգելու համար։ Ընկերությունը փորձարկումների 2-րդ փուլը սկսել էր մայիսին, և ակնկալում է անցնել երրորդ փուլին արդեն հուլիսի 27-ին: Առաջին փուլի փորձարկումները նպատակ ունեն ապահովել պատվաստանյութի անվտանգությունը և որոշել արդյունավետ դեղաչափը։ Երկրորդ փուլի փորձարկումները, ընդգրկելով ավելի մեծաթիվ կամավորների, կարող են նախնական տվյալներ հաղորդել պատվաստանյութի արդյունավետության մասին։ Երրորդ փուլի փորձարկումներն անցկացվում են կամավորների առավել մեծաթիվ խմբերում` արդյունավետությունը հաստատելու և հազվադեպ կողմնակի բարդությունները հայտնաբերելու համար: Երրորդ փուլի փորձարկումը կանցկացվի 30 000 կամավորների շրջանում: Զառա Պողոսյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում