Գլխավոր Լրահոս

Պարետը հորդորում է զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

Պարետը հորդորում է զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը գրառում է արել այս կիրակի Վարդավառի տոնակատարության վերաբերյալ։

«Այս կիրակի՝ հուլիսի 19-ին, Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն է:

Վարդավառին սպասում ենք բոլորս: Այն ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, որը միշտ յուրահատուկ խանդավառությամբ ենք տոնում՝ բակերում, հանրային վայրերում՝ չտարբերելով ընկեր, բարեկամ ծանոթ կամ անծանոթ: Իսկ այդ օրը միմյանց ջրելն ու աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են համաշխարհային ջրհեղեղը և ջրհեղեղից մարդկության փրկությունը:

Ցավոք սրտի, այս տարվա մեր «ջրհեղեղը»` կորոնավիրուսի համավարակը, դեռ չի նահանջում, և մենք շարունակում ենք անզիջում պայքար մղել դրա դեմ:

Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ՝ այդպիսով ռիսկեր ստեղծելով հանրային առողջության համար, լարվածություն առաջացնելով ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար և խաթարելով առկա հավասարակշռությունը:

Հետևապես, կոչ եմ անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Տեղեկացնում եմ նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հասկանում եմ, որ բոլորս էլ ցանկանում ենք հնարավորինս շուտ վերադառանալ նախկին ապրելակերպին, սակայն ներկայիս պայմաններում մեր և մեր սիրելիների անվտանգության ու առողջության ապահովման միակ ճանապարհը սահմանված կանոնների պահպանումն է: Համոզված եղեք, որ շարունակական կարգապահության դեպքում ավելի շուտ կկարողանանք վերադառնալ մեր կյանքի բնականոն ռիթմին:

Այս օրերին մեր բանակը բարձր պրոֆեսիոնալիզմով և մեծ նվիրումով պաշտպանում է հայրենիքի սահմանները հակառակորդի ոտնձգություններից, մենք էլ մեր հերթին բարձր կարգապահությամբ և պատասխանատվությամբ պաշտպանենք «ներքին սահմանները» կորոնավիրուսի համավարակից:

Առողջություն և զգոնություն բոլորիս, միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները»,- գրել է Ավինյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում