Գլխավոր Լրահոս

Պետբյուջե վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ավելի քան 18 մլրդ դրամով

Պետբյուջե վճարված հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ավելի քան 18 մլրդ դրամով

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020 թվականի հունվար-հունիս ամիսներին 1 000 խոշոր հարկ վճարողների ցուցակը, համաձայն որի՝ խոշոր հարկատուների առաջին տասնյակում որոշակի փոփոխություններ են եղել:

Հայաստանի 1 000 խոշոր հարկատու հանդիսացող ընկերությունները միասին այս տարվա առաջին կեսին պետբյուջե են վճարել 492,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 511 մլրդ դրամի դիմաց: Այսպիսով, պետական բյուջե վճարված հարկերը ու տուրքերը նվազել են ավելի քան 18 մլրդ դրամով կամ 3,6 տոկոսով:

Նշենք նաև, որ այս տարվա առաջին եռամսյակում 1 000 խոշոր հարկատուները ընդհանուր առմամբ վճարել էին ավելի քան 245 մլրդ դրամ, որը 2019-ի համեմատ՝ ավելի է շուրջ 33,3 մլրդ դրամով։

Համաձայն ՊԵԿ-ի հրապարակման՝ 2020 թվականի հունվար-հունիս ամիսների տրվյալներով առաջին հորիզոնական է բարձրացել և ամենախոշոր հարկատուն դարձել Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակո» ընկերությունը, որը վճարել է շուրջ 26,3 մլրդ դրամի հարկ:

Անցյալ տարվա առաջին կեսին ամենախոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էր, որ պետբյուջե էր վճարել 29,5 մլրդ դրամ, իսկ «Գրանդ տոբակոն» երկրորդ տեղում էր՝ 28,2 մլրդ դրամ հարկային վճարներով: Չնայած վերջինս դարձել է առաջատար հարկ վճարողը, սակայն շուրջ 1,9 մլն դրամով կրճատել է հարկային վճարումները:

Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է վճարած 25,9 մլրդ դրամ հարկերով։ 2019-ի առաջին կիսամյակում ընկերությունը վճարել էր 22,7 մլրդ դրամ հարկ: Փաստացի ընկերությունը 2020-ի առաջին կիսամյակում ավելացրել է հարկային մուտքերը 3,2 մլրդ դրամով՝ երրորդ տեղից բարձրանալով երկրորդ հորիզոնական:

Միանգամից երկու հորզոնականով իր տեղը զիջած «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը երրորդ խոշոր հարկատուն է՝ այս տարվա հունվար-հունիսին վճարելով 21,6 մլրդ դրամ հարկ: ԶՊՄԿ-ի պարագայում նկատվում է հարկային վճարումների կտրուկ՝ 7,8 մլրդ դրամի կամ 26,7 տոկոսի անկում, որը թերևս պայմանավորված է համավարակի ժամանակ պղնձի միջազգային գների անկմամբ:

Հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը չորրորդ հորիզոնականում է՝ 12,7 մլրդ դրամ հարկերով։ Ընկերության վճարած հարկերը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 40 տոկոսով: Այն 2019-ի առաջին կիսամյակում վճարել էր ավելի քան 9 մլրդ դրամի հարկեր՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: Ընկերության հարկային վճարների բարձրացումը կարելի է բացատրել ոսկու համաշխարհային գների բարձրացմամբ:

Հինգերորդ խոշոր հարկատուն «Սիփիէս Օիլ» ընկերությունն է՝ 9,6 մլրդ դրամ հարկերով։ Ընկերությունն այս տարվա առաջին կիսամյակում 2019-ի հունվար-հունիսի համեմատ (շուրջ 5 մլրդ դրամ վճարած հարկ) ավելացրել է վճարած հարկերը 4,5 մլրդ դրամով կամ շուրջ 89 տոկոսով՝ 15-րդ հորիզոնականից բարձրանալով 5-րդ տեղը:

Վեցերորդ խոշոր հարկատուն՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, այս տարվա առջին վեց ամիսներին վճարել է 9,5 մլրդ դրամի հարկեր` շուրջ 1,2 տոկոսով գերազանցելով այնցյալ տարվա նույն ժամանակահատվածի իր ցուցանիշը:

Նախկին իշխանությունների մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ընկերությունը 8 մլրդ դրամ վճարած հարկերով յոթերորդ տեղում է։ Ընկերության հարկային վճարներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած ավելացել են ավելի քան 400 մլն դրամով:

«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը ութերորդ խոշոր հարկատուն է: Այն պետբյուջե է վճարել 6,9 մլրդ դրամ հարկեր` 1,7 մլրդ դրամով գերազանցելով 2019-ի հունվար-հունիսի ցուցանիշը:

Հարկային վճարները 11 տոկոսով նվազեցրել է իներորդ տեղում հայտնված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը՝ վճարելով 6,9 մլրդ դրամ հարկ։ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 7,7 մլրդ դրամ հարկեր:

«ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը՝ 6,8 մլրդ դրամ հարկերով, եզրափակում է խոշոր հարկատուների տասնյակը: Հատկանշական է, որ 2019-ի նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 2,3 մլրդ դրամ` 2020-ին շուրջ երեք անգամ ավելացնելով վճարած հարկերը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում