Գլխավոր Լրահոս

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին ու պահանջում է 2 մլն դրամ

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀՀ-ին ու պահանջում է 2 մլն դրամ

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության․ այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։ Քոչարյանի ներկայացուցիչը նրա փաստաբան Հայկ Ալումյանն է։

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հաստատել իր իրավունքի խախտումն ու հատուցել 2 մլն դրամ ոչ նյութական վնասը։

Ըստ Հայկ Ալումյանի՝ հայցի հիմք է հանդիսացել դատավոր Աննա Դանիբեկյանի գործողությունը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում փաստաբանը մանրամասնեց. 

«Մարտի 10-ին Քոչարյանն առողջական խնդրի պատճառով եղել է հիվանդանոցում և չի ներկայացել դատական նիստի, այդ օրը Դանիբեկյանը առանց պաշտպանական կողմի դիրքորոշումը իմանալու հրապարակել է նրա առողջական վիճակի մասին բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություն»,- ասաց Ալումյանը։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատավոր Արմենուհի Բադիրյանին։ 

Մարտի 1-ի ու Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասին

Մարտի 1-ի գործը շուրջ 10 տարի էական առաջընթաց չէր արձանագրում, միայն 2018-ի ապրիլ-մայիս ամիսների Թավշյա հեղափոխությունից հետո գործը նոր փուլ մտավ։ 2018-ի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին ներկայացրեց մարմնի նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին և շեշտեց. «Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի Հատուկ քննչական ծառայությունը, մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է»։ Այս հայտարարությանը հաջորդեց Մարտի 1-ի գործով նոր բացահայտումը՝ ՀՔԾ-ի կողմից։

ՀՔԾ-ն հուլիսի 3-ին գաղտանզերծեց 2008-ի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարի կողմից արձակված հույժ գաղտնի «0038» հրամանից դրվագներ։ Ծառայությունը պնդեց, որ այդ ժամանակվա ՊՆ ղեկավար Միքայել Հարությունյանը այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել է սահմանադրական կարգը՝ Զինված ուժերը ներգրավելով քաղաքական գործընթացներում։

2019-ի ապրիլին արդեն գործը մտավ դատարան։ Մարտի 1-ի գործի անջատված մասով մեղադրանք առաջադրվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափի կաշառք վերցնելու համար, 2008-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին այլ անձանց հետ հանցակցությամբ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև Արմեն Գևորգյանին, որն այդ ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր։ Նրան էլ մեղադրանք առաջադրվեց, որ «օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին տապալելու սահմանադրական կարգը և կաշառք է ստացել»։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում