Գլխավոր Լրահոս

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսվելու են, դպրոց են գնալու հերթականությամբ. փոխնախարար
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին և շատ կարևոր է, որ դպրոցներն ապահովվեն անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով. այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Պարետի ցուցումով հրապարակվել է կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը, որով տրված են մի շարք կարգավորումներ՝ դպրոցների նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ «Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին», - ասաց Անդրեասյանը: Պարետի ցուցումով նախատեսվող պաշտպանիչ միջոցներով դպրոցները կապահովվեն սեփական խնայողությունների և նախարարության հավելյալ ֆինանսական աջակցության միջոցով: Նախարարությունը հավաքագրել է դպրոցներում առկա խնայողությունների մասին տեղեկատվությունը․ դրանք գոյացել են կոմունալ ծախսերից՝ ուսումնական գործընթացի չիրականացման արդյունքում։ ԿԳՄՍ-ն հրապարակել է COVID-19 պայմաններում դասապրոցեսի կազմակերպման ուղեցույցը «Բացի այդ, հավելյալ միջոցներ կտրամադրի նաև նախարարությունը»,- հայտնեց Անդրեասյանը: Յուրաքանչյուր դպրոցի համար մշակվելու են ելքի, մուտքի և շարժի կանոններ, քանի որ խոսքը փակ տարածքում թվով շատ մարդկանց շփման հնարավորության մասին է, որն էլ բարձրացնում է կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկը: «Նապատակն է՝ նվազեցնել դպրոցի ներսում ինտենսիվ և անկանոն շփման ռիսկը: Կարգավորվել է նաև ուսուցիչների և աշակերտների տեղաշարժը», - ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ եթե դպրոցն ունի մի քանի մուտք, ապա երեխաներին պետք է ընդունեն տարբեր մուտքերով: Կանոնանկարգվել են նաև 20-ից ավել աշակերտ ունեցող դասարաններում դասապրոցեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացը կիրականացվի՝ պահպանելով համաճարակային կանոնները: «Իսկ այն դպրոցների պարագայում, որտեղ դասարաններում 20-ից ավելի երեխա կա, պետք է կիսվեն խմբերի, դպրոց հաճախեն հերթականությամբ, շաբաթական երեք օր: Նպատակը դպրոցներում միաժամանակ գտնվողներիի թվաքանակը նվազեցնելն է», - նկատեց փոխնախարարը: Այդ դեպքում, ըստ փոխնախարարի, հնարավոր է, որ դպրոցներն անցնեն նաև երկրորդ հերթի: «Դպրոցը կգնա երկրորդ հերթի, եթե ունենա անհրաժեշտ դրամական միջոցներ: Յուրաքանչյուր հերթափոխից հետո դպրոցներում պետք է ախտահանման աշխատանքներ իրականացվեն», - ասաց նա՝ հավելելով, որ այդ իրավիճակում ուսուցիչների համար անհրաժեշտություն կծագի վերանայելու ուսումնական ծրագիրը և դասացուցակը։ Արդյունքում կարող է բարձրանալ ուսուցիչների աշխատանքային ծանրաբեռնվածությունը: Երկու հերթափոխով աշխատելու դեպքում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները պետք է ապահովվեն նաև հավելյալ վարձատրությամբ։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում