Ամուլսարի հարցով իմ դիրքորոշումը շատ չի ուշանա․ ՍիվիլՆեթի տաղավարում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
«Ես պաշտոնապես բացառում եմ որևէ տեսակի որոշում՝ կապված Ամուլսարի հետ և առհասարակ պետական կառավարման այս շրջափուլում, որը չի բխի մեր պետականության և ժողովրդի շահերից։ Փաշինյանի կառավարությունը, մեր քաղաքական թիմն այսօր իր ամենակրտսեր պաշտոնեական վիճակ ստանձնած ներկայացուցչով իր գործողության հիմքում դնում է բացառապես պետական շահն ու ժողովրդի, քաղաքացու շահը։
Մենք պետք է պարզապես գնանք առաջնահերթությունների և դոմինանտության ճանապարհով։ Այս փուլում մասնավորոպես ո՞ր շահն է դոմինանտ՝ պետակա՞ն շահը մասնավորի՞, բնապահպանակա՞ն շահը՝ տնտեսվարողի, թե՞ այլ հարթության մեջ դիտարկենք, բայց որ որոշումը բխելու է, բխեցնելու ենք բացառապես մեր պետական և հանրային շահից՝ դա աներկբա է։
Ռոմանոս Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե եղե՞լ է Ամուլսարում, նշեց, որ դեռ ոչ, բայց անպայման այցելելու է։ Նախարարի խոսքով՝ այս փուլում ինքը «շատ զգուշավոր է, և ձեռնպահ է մնում որևէ կողմին որևէ ժեստից, որպեսզի չառաջացնի տարընթերցում»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Ամուլսարը սա՞ր է մնալու հարցին Պետրոսյանը պատասխանեց․ «Այդ հարցը դեռ թողնենք, բայց շատ չի ուշանա իմ դիրքորոշումը»։
Գեղեցիկ Ոսկանյան
Civilnet











