Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է առաջարկների համար, ՀՅԴ-ից դեռ առաջարկ չի ստացվել

Հայրենադարձության իրականացման գործընթացում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է առաջարկների համար, որոնք ուղղված կլինեն առկա խնդիրների լուծմանը, համատեղ աշխատանքների կազմակերպմանը․ այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց գրասենյակի Ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մշակել է «Լիբանանահայերի աջակցության փաթեթի» նախագիծ, որը ներառում է բնակարանավորման, առողջապահական, սոցիալ-տնտեսական, կրթական և այլ բաղադրիչներ: Փաթեթը սեպտեմբերի 1-ին ամբողջական տեսքով պատրաստ կլինի և կդրվի շրջանառության: Միևնույն ժամանակ, «Մեկ պատուհանի սկզբունք»-ով ծառայություններ իրականացնող Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ձևավորման ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են:
Այս ընթացքում ՀՅԴ-ից հայրենադարձության ծրագրի վերաբերյալ առաջարկություն դեռևս չենք ստացել:
Հայրենադարձության իրականացման գործընթացում Գրասենյակը բաց է առաջարկների համար, որոնք ուղղված կլինեն առկա խնդիրների լուծմանը, համատեղ աշխատանքների կազմակերպմանը»,- նշեց Ալեքսանյանը։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ուղերձ է հղել հայրենադարձության վերաբերյալ՝ նշելով, որ Դաշնակցությունը «նախկին իշխանությունների օրոք ու նաև այս իշխանության օրոք ներկայացրել է առաջարկ, որ համազգային ճիգերով համապարփակ ռազմավարություն մշակվի պետական հովանավորությամբ և համահայկական կազմակերպությունների աջակցությամբ»։
Լիբանանահայերին տրամադրված օգնությունը կազմում է մոտ 6 մլն դոլար
Civilnet










